ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ ՌԴ տրանսպորտի նախարարության միջեւ այսօր ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարեւը։ Արմեն Սիմոնյանը կարեւորել է ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլված են արձանագրությունում, եւ ընդգծել, որ դրանք երկարատեւ քննարկումների արդյունք են։Իր հերթին, Վլադիմիր Տոկարեւը գոհունակություն է հայտնել արձանագրության ստորագրման առիթով եւ նշել, որ սա երկու կողմերի համար էլ շատ կարեւոր իրադարձություն է։Կողմերը հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում կայացված փոխշահավետ որոշումները խթան կհանդիսանան հետագա քննարկումների համար եւ նոր շունչ կհաղորդեն «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը։Արձանագրությունը ստորագրվել է՝ հիմք ընդունելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ինչպես ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նստաշրջանի, այնպես էլ ՀՀ իրավապահ մարմինների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի ընթացքում ծագած տարաձայնությունների լուծման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում։«Նշյալ արձանագրության ստորագրումը կարեւոր նշանակություն ունի «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության համար եւ թույլ կտա լուծել նրա առջեւ դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների եւ ուղեւորների փոխադրումների ծավալի մեծացումը եւ երկաթուղային շարժակազմի թարմացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1951