Պետությունը խոստանում է նվազեցնել խաղողագործների մթերման խնդիրները

21.08.2020 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Խաղող #մթերում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը հանդիպել են Արմավիրի մարզի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ագրովերամշակման ոլորտում իրականացվող ծրագրերն ու աջակցության նոր գործիքները ներկայացնելու, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։

Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում վեր են հանվել նրանց հուզող խնդիրներն ու հավաքագրվել բոլոր առաջարկությունները։

Արդյունքում օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունվել է հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը, որով պետական օժանդակության ներկա գործիքակազմի սահմաններում կատարվել են փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի եւ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի ծրագրի պայմաններում։



Միաժամանակ ընդգծվել է, որ կառավարության բարեփոխված  օժանդակության գործիքակազմը առաջնահերթ ուղղված է խաղողի մթերումը սահուն իրականացնելուն, եւ այս ուղղությամբ նախաձեռնվում են նաեւ այլ անհրաժեշտ քայլեր եւ բանակցություններ։

Խաղողագործներն իրենց հերթին ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասն առնչվում էր խաղողի մթերման գներին։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ փոխնախարարները նշել են, որ պետությունը գնագոյացման խնդրին չի կարող միջամտել, սակայն թեթեւացնելով վերամշակողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ խթանելով վերամշակված ապրանքների վաճառքը լրացուցիչ պահանջարկ է ստեղծում խաղողի նկատմամբ։

Քննարկման մասնակիցները պայմանավորվել են մթերման շրջանի ավարտից հետո կազմակերպել դասընթաց, որի ընթացքում փորձառու մասնագետները խաղողագործներին կներկայացնեն խաղողի մշակման եւ վերամշակման նորագույն տեխնոլոգիաները եւ դրանց ներդրման ու կիրառման առավելությունները։
Դիտում՝ 1973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW