«Մարան» ընկերությունը Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում՝ ծովի մակերեւույթից 2050-2070 մ բարձրության վրա հիմնում է տարածաշրջանի ամենաբարձրադիր եւ զառիթափ արդյունաբերական նշանակության խաղողի այգին:Ինչպես նշել են ընկերությունում, այգին մշակվելու է օրգանիկ տեխնոլոգիաներով եւ ամբողջությամբ լինելու է կենսաբազմազանության պահպանման փիլիսոփայության մեջ։ «Մարան» ընկերությունն այգին հիմնում է Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի աջակցությամբ, Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայի կողմից տրամադրվող վարկի միջոցով։ «Սա նախադեպը չունեցող նորարարական ծրագիր է, որը կարեւոր նշանակություն է ստանում խաղողագործության ու գինեգործության ոլորտում այսօր առկա բազմաթիվ մարտահրավերների ու հատկապես` կլիմայական գլոբալ փոփոխությունների համատեքստում: Գլոբալ տաքացումն անխուսափելիորեն անդրադառնում է ոլորտի հետագա զարգացման վրա, ստիպում արմատապես վերանայել առկա ռեսուրսները: Մասնավորապես՝ հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա 20-30 տարում Արարատյան գոգավորությունը կդառնա ոչ պիտանի որակյալ խաղողագործության, առավել եւս` գինեգործության համար: Միեւնույն ժամանակ հանրապետությունում ունենք հազարավոր հեկտարներ բարձրադիր, սակավ օգտագործվող հողային ֆոնդ։ Սա նշանակում է, որ պետք է հենց այսօր սկսել մտածել խաղողը դեպի լեռներ տանելու, բարձր լեռնային խաղողագործության եւ գինեգործության կայուն եւ երկարատեւ զարգացման մասին։ Ճիշտ մեկնարկի պարագայում մեկ-երկու տասնամյակ հետո կունենանք գիտա-արտադրական հարուստ փորձ, զարգացման հստակ նախանշված ուղղություններ եւ դրանց իրականացման մեթոդներ: Այս ամենն առաջին հերթին վերաբերում է սորտային կազմին, ջերմակուտակիչ եւ սակավաջուր ագրոտեխնոլոգիաներին, բարդ եւ զառիթափ ռելիեֆի օգտագործմանը եւ իհարկե` գինեգործական ուղղություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:Ծրագրի հետազոտական մասը մեկնարկել է տարեսկզբին, հիմնվել է տեղածին սորտերի տնկարան: Ներկայում իրականացվում են տարածքի տեղաձեւման աշխատանքներ: Tweet Դիտում՝ 5231