Deloitte-ն ուսումնասիրել է երիտասարդների տրամադրությունը համավարակի ժամանակ

21.07.2020 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deloitte #Millennial Survey 2020
Համավարակի ընթացքում միլենիալներն ու Z սերնդի ներկայացուցիչները ցուցադրել են սթրեսադիմացկունություն եւ սկսել են ավելի քիչ հոգ տանել ամենօրյա ֆինանսական խնդիրների մասին։

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, նման եզրահանգման է եկել Deloitte ընկերությունն իր նոր Millennial Survey 2020 զեկույցում, որի շրջանակում հարցում է իրականացրել 27,5 հազ. մարդկանց շրջանում ամբողջ աշխարհում։ Հարցումը կատարվել է երկու փուլով. 2019թ. նոյեմբերից մինչեւ 2020թ. սկիզբ եւ 2020թ. ապրիլից մինչեւ մայիս՝ համավարակի ամենաթեժ փուլում։

Z սերնդի հարցվածների գրեթե մեկ երրորդը եւ միլենիալների մեկ քառորդը մայիսի սկզբին հայտնել են, որ կորցրել են աշխատանքը կամ ուղարկվել ժամանակավոր չվճարվող արձակուրդ։ Միլենիալների միայն մեկ երրորդը եւ Z սերնդի 38%-ը հայտնել են, որ համավարակը չի ազդել իրենց զբաղվածության եւ եկամուտի վրա։


Սթրեսի ենթարկված հարցվածների մասնաբաժինը համավարակի ժամանակ նվազել է. 50%-ից մինչեւ 42%՝ միլենիալների շրջանում եւ 52%-ից մինչեւ 44%՝ Z սերնդի ներկայացուցիչների շրջանում։

Երիտասարդների մոտ անհանգստության համար գլխավոր պատճառներ են հանդիսանում ընտանիքի բարեկեցությունը (այս մասին հայտնել է հարցվածների 41%-ը երկու խմբերից), երկարատեւ ֆինանսական ապագան (41% եւ 43% համապատասխանաբար միլենիալների եւ Z սերնդի ներկայացուցիչների շրջանում) եւ կարիերայի հեռանկարները (համապատասխանաբար 40% եւ 46%)։

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո երկու սերնդների ներկայացուցիչները սկսել են ավելի քիչ հոգ տանել ամենօրյա ֆինանսական խնդիրների մասին։ Հարցվածների այն մասնաբաժինը, որն անհանգստանում է այս հանգամանքով միլենիալների շրջանում նվազել է 5 տոկոսային կետով եւ 2 տոկոսային կետով՝ Z սերնդի ներկայացուցիչների շրջանում  (համապատասխանաբար մինչեւ 34% եւ 33%)։
Չորս միլենիալներից երեքը հայտնել են, որ զբաղված են ֆինանսական պլանավորմամբ, Z սերնդի ներկայացուցիչների շրջանում այս մասին ասել են հարցվածների երկու երրորդը։


Հարցումը ցույց է տվել, որ աշխատակիցների մեծամասնությունը գերադասում է մնալ ընկերությունում մոտակա հինգ տարիներին՝ լոյալության նման բարձր մակարդակ չէր գրանցվել 2016թ. ի վեր։ Այն աշխատակիցների մասնաբաժինը, որը կուզենար դուրս գալ աշխատանքից երկու տարուց կամ ավելի շուտ, նվազել է 49%-ից մինչեւ 31%, երկարատեւ ապագայում իրենց աշխատավայրում մնացող ցանկացողների թիվն աճել է՝ 28%-ից մինչեւ 35%։ Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո ավելի շատ հարցվածներ նշում են գործատուի կողմից հոգեբանական աջակցության եւ ֆիզիկական առողջության մասին հոգ տանելու կարեւորությունը։

Հարցվածները գնահատում են տանից աշխատելու հնարավորությունը։ Ավելի քան 60%-ը հայտարարել է, որ ճգնաժամի ավարտից հետո ցանկություն ունի ավելի հաճախ աշխատել հեռահար։ Իսկ հարցվածների կեսից ավելին (56%) հայտնել է, որ հեռահար աշխատելու հնարավորության դեպքում նրանք կնախընտրեն աշխատել մեծ քաղաքների սահմաններից դուրս, որտեղ ապրուստն ավելի էժան է։

Միլենիալների գրեթե 80%-ը եւ Z սերնդի ներկայացուցիչների ավելի քան 70%-ը նշել են, որ համավարակի թուլացումից հետո նրանք ավելի հաճախ ապրանքներ կգնեն փոքր ընկերություններից՝ օգնելու համար վերջիններին պահպանել իրենց տեղը բիզնեսում։ Հարցվածների մոտ 60%-ը հայտարարել է, որ նախատեսում է ավելի շատ ապրանք գնել այն խոշոր ընկերություններից, որոնք համավարակի ժամանակ հոգ են տարել իրենց աշխատակիցների եւ հանրության մասին։

Հարցվածների շուրջ 60%-ը նշել է, որ համավարակի ժամանակ իրենց կառավարությունների գործողությունները ճիշտ էին։ Ամենալավ գնահատականներն են ստացել Հնդկաստանի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի եւ Կանադայի, իսկ ամենավատը՝ Բրազիլիայի եւ Ճապոնիայի կառավարությունները:
Դիտում՝ 3109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW