SPRING PR-ն ու Stratcomm Africa-ն կհամագործակցեն

20.07.2020 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#SPRING PR #Stratcomm Africa

Հայաստանյան SPRING PR եւ աֆրիկյան Strategic Communications Africa (Stratcomm Africa) ընկերությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր:

Սույն հուշագրով հաղորդակցությունների ոլորտի առաջատար երկու կազմակերպությունները ռազմավարական PR հաղորդակցությունների ոլորտում խորհրդատվության եւ հետազոտական ծառայությունների միջոցով կօգնեն հայաստանյան բիզնեսների դիրքավորմանն Աֆրիկյան աշխարհամասի երկրների թիրախային շուկաներում:

Համավարակն ու ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին հաղորդակցությունների ինդուստրիան ամբողջ աշխարհում զգալի փոխակերպումներ է ապրում: SPRING PR ընկերությունը նպատակ ունի միջազգային խոշոր PR գործակալությունների հետ սերտ համագործակցության միջոցով հնարավորություն տալ հայաստանյան բիզնեսին պրոակտիվ  հաղթահարել ճգնաժամը, հետաքրքիր եւ հեռանկարային արտաքին շուկաներում ներկայանալ ռազմավարական ու արդյունավետ հաղորդակցություններով:

Նշենք, որ մինչ այդ SPRING PR-ը նույն նպատակով համագործակցության հուշագիր էր ստորագրել վրացական PR Consulting Group ընկերության հետ:


SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանն ընդգծել է, որ նման համագործակցությունը Հայաստանի համար հնարավորություն է՝ ամրապնդելու կապերն Աֆրիկյան աշխարհամասի երկրների պոտենցիալ շուկաների հետ:

«Մեր գործունեության 11 տարիների ընթացքում, որպես հաղորդակցությունների ոլորտի ընկերություն, համագործակցել ենք աշխարհի տարբեր երկրների անհատ փորձագետների, կազմակերպությունների հետ եւ ձեւավորել գործընկերային լայն ցանց: Մենք բարձր ենք գնահատում Աֆրիկայի մեր գործընկերների հետ այս նոր համագործակցությունը, որը հայկական բիզնեսին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ Աֆրիկյան աշխարհամասի երկրների հեռանկարային շուկաներում, որոնք այս պահին բացահայտված չեն հայաստանյան ընկերությունների համար: Stratcomm Africa-ի մեր գործընկերներին հանդիպել ենք 2019թ. Լոնդունում՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) խորհրդի հետ հանդիպման ընթացքում:

Մեր մասնագիտական քննարկումների ժամանակ հասկացանք, որ ունենք հաղորդակցման ոլորտի զարգացման նույն տեսլականն ու նպատակները, եւ, հետեւաբար, որոշեցինք միավորել մեր ջանքերը, ու որպես մեկնարկային կետ դարձավ այս համագործակցության հուշագիրը: Աշխարհի տարբեր ծայրերից հաղորդակցությունների ոլորտի մասնագետների կարողությունների մոբիլիզացիան ավելի քան կարեւոր է այս նոր իրականությունում:


Հաղորդակցությունները սահմաններ չեն ճանաչում, ուստի մեր թիմերը կօգնեն արձագանքել գլոբալ մարտահրավերներին էթիկական եւ արդյունավետ հաղորդակցությունների միջոցով՝ խթանելու հայկական բիզնեսի զարգացումն այդ շուկաներում: Կարող ենք առանձնացնել գյուղատնտեսությունն ու տեխնոլոգիաները, որոնք ներկայացնող հայկական որոշ ընկերություններ արդեն իսկ լուրջ հետաքրքրվածություն ունեն այդ շուկաներով»,- ասել է Տաթեւիկ Սիմոնյանը:

Իր հերթին Stratcomm Africa ընկերության գործադիր տնօրեն Էսթեր Կոբահը եւս կարեւորել է երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումը:

«Stratcomm Africa-ն՝ լինելով համալիր հաղորդակցությունների գործակալություն, որը ոլորտում է արդեն 2,5 տասնամյակ, ուրախ է համագործակցել SPRING PR ընկերության հետ՝ աջակցելու հայաստանյան ընկերություններին զարգացնելու իրենց բիզնես հնարավորություններն Աֆրիկայում:

2019թ. մայիսին մեր 25-ամյակը նշում էինք «Թվային դարաշրջանում հաղորդակցությունների  գերակայությունը  հանուն Աֆրիկայի բարգավաճման» խորագրի ներքո, ինչն ամբողջապես արտահայտում է մեր ընկերության խորին համոզմունքները: Մենք պատրաստ ենք ներդնել մեր  դինամիզմն ու պրոֆեսիոնալիզմը, որպեսզի հայաստանյան ընկերությունները կարողանան  տեղ հասցնել իրենց ուղերձները, արդյունավետ հաղորդակցությունների միջոցով բարձրացնել իրենց ճանաչելիությունն ու ապահովել կայուն դիրքեր Աֆրիկյան աշխարհամասի երկրներում»,- ասել է Էսթեր Կոբահը :

***
SPRING PR հետազոտական եւ PR-ընկերությունը հիմնադրվել է 2009թ. եւ մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման եւ հետազոտությունների ոլորտներում: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, փոքր եւ միջին ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների հետ:

SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards-ը (Communication for Future Davos Awards):

2019թ. SPRING PR ընկերության 10-ամյակի առիթով ընկերության նախաձեռնությամբ Երեւանը հյուրընկալել էր միջազգային PR օրացույցում ամենախոշոր միջոցառումը՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards  մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավելի երկրներից:

***

Stratcomm Africa-ն 26 տարվա պատմություն ունեցող հաղորդակցությունների կառավարման եւ ռեպուտացիոն մենեջմենթի ոլորտների առաջատար գործակալություն է: Ընկերությունը մասնագիտացած է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների, պետական եւ մասնավոր ոլորտի կառույցների հաղորդակցությունների ռազմավարության մշակման եւ իրականցման գործում: Stratcomm Africa-ն աջակցել է մի շարք ընկերությունների հասնելու իրենց նպատակներին՝ սեփական ուղերձների տարածման եւ դիրքավորման միջոցով: Stratcomm Africa-ի  աշխատանքային մոտեցումների հիմքում են արդարությունը, պրոֆեսիոնալիզմը, թիմային աշխատանքը, ստեղծարարությունն ու նորարարությունը, ինչպես նաեւ մշակութային զգայունությունը:

Դիտում՝ 7649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW