ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը հուլիսի 15-ին ազդարարել են «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը։«Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեք վերաձեւակերպելու ձեր աջակցության շրջանակը՝ առավել ճշգրիտ համապատասխանեցնելու ձեր գործողությունները մեր կարիքներին համավարակով պայմանավորված խնդիրների համատեքստում, քանի որ տնտեսությունում իրավիճակն օր-օրի է փոխվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք մասնավոր հատվածում առկա խնդիրները քննարկել եւ դրանց համապատասխան օպերատիվ լուծումներ գտնել»,- ասել է Տիգրան խաչատրյանը:Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» նպատակն է բարելավել առեւտրի, ներդրումների համար անհրաժեշտ միջավայրը եւ խթանել տնտեսական մրցակցությունը, ինչը կնպաստի ավելի ներառական եւ կայուն տնտեսական աճին, կդարձնի Հայաստանն ավելի ինքնաբավ եւ տնտեսապես անվտանգ։«Այս նախագիծը մեզ հնարավորություն կտա շարունակելու աջակցել Հայաստանին՝ ունենալու կայուն տնտեսություն առավել նպաստավոր գործարար միջավայրի շնորհիվ», - ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։Ծրագրի տեւողությունը 2 տարի է։ Այն կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ կապալառու՝ Միջազգային Զարգացման Խմբի կողմից։ ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ կառավարությանը՝ տնտեսական վերականգման ծրագրերի շուրջ որոշումները կայացնել փաստահենք տվյալների հիման վրա։ Tweet Դիտում՝ 1380