Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է՝ «այն ոլորտները, որոնք ապագային են միտված եւ առաջնահերթություն են մեր երկրի համար, պետք է նաեւ հարկային արտոնություններ եւ պետական աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք մրցունակ չենք լինելու»:Նախագահի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակին հաջորդելու է «ռեսթարթի» գործընթացը, հետեւաբար, ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել: «Շատ էական է, որ մենք լավ ներկայացված լինենք: Աշխարհում շատ երկրներ ունեն արտահանումը խթանող կամ օտարերկրյա ներդրումների գործակալություններ: Հայաստանը մեկ գործակալություն պետք է ունենա, որը երկու ուղղությամբ էլ աշխատի՝ հայկական ապրանքը դուրս տանելու, ձեզ աջակցելու եւ հակառակը՝ դրսից ներս բերելու»,- ասել է Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը կարեւորել է նաեւ էլեկտրոնային կառավարման խնդիրը՝ նշելով, որ որքան արագ եւ որքան շատ ոլորտներ անցնեն էլեկտրոնային կառավարման, այնքան տնտեսությունն ավելի ապահով կլինի: Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը, «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 1590