Դավիթ Երեմյան. Այս շրջանում կարեւոր է զարկ տալ գյուղատնտեսական ծրագրերին

24.06.2020 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեմյան Փրոջեքթս #Դավիթ Երեմյան #Տիգրան Խաչատրյան
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տոհմային տավարաբուծական ֆերմայում կիրառվում է միջազգային լավագույն փորձը։

Այս մասին ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ նախարար Տիգրան Խաչատրյանի հետ ընկերության տոհմային տավարաբուծական ֆերմա այցի ժամանակ։

Նախարարն ու փոխնախարարը շրջայց են կատարել անասնապահական համալիրի կաթնատու եւ մսատու կովերի ֆերմաներ, որտեղ պահվում եւ բուծվում են մաքրացեղ անգուս, ֆլեկվի եւ հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիներ, ծանոթացել կենդանիների բարեկեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին, Yeremyan Products ապրանքանիշի կաթի, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրության գործընթացին:

Ընկերության մասնագետները էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանին ներկայացրել են բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը՝ նշել, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության հիմքում «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգն է, որի միջոցով ընկերությունը վերահսկում է մթերքի արտադրության ամբողջ ցիկլը՝ սկսած կենդանիների ներմուծումից, կերի մշակումից մինչեւ արտադրություն եւ մատակարարում: Հայեցակարգի կարեւոր մաս է կազմում ֆերմայի կենդանիների կերակրման գործընթացը:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասել է, որ հատկապես այս ժամանակահատվածում կարեւոր է զարկ տալ գյուղատնտեսական ծրագրերին եւ գործարարների ուշադրությունը հրավիրել այս հեռանկարային ոլորտի վրա։


«Այս ծրագրի համար 7-8 մլն դոլարի ներդրում է պահանջվել, որից 600 000 դոլարը պետական սուբսիդավորում է։ 2018-2019թթ. գյուղատնտեսության ոլորտում այս ներդրումների իրականացման շնորհիվ մեկնարկեցինք ֆերմերային տնտեսությունների 2 խոշոր նախագիծ՝ գործարկեցինք խոզաբուծական եւ տոհմային տավարաբուծական ֆերմաները: Ձեռք բերեցինք մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ եւ սկսեցինք կաթի ու կաթնամթերքի արտադրությունը: Ներկա պայմաններում գործարարների համար ավելի խելամիտ է ներուժն ուղղել դեպի հեռանկարային եւ զարգացման տեսլական ունեցող ոլորտներ, եւ այս տեսանկյունից ավելի եմ կարեւորում հատկապես գյուղատնտեսության զարգացումն ու օրինակելի ֆերմերային տնտեսություններ հիմնելը: Մենք ունենք այս ճյուղը թռիչքաձեւ զարգացնելու բոլոր հնարավորությունները՝ շնորհիվ ներդրված ճիշտ կառավարման համակարգի ու բիզնես տեսլականի»,- ասել է Դավիթ Երեմյանը։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետական ծրագրերով շարունակում են աջակցել տոհմային անասնաբուծությանը, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վարկավորել արտոնյալ վարկերով` կիրառելով այս տարվա ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքը․

«Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ մրցունակությունն առաջին հերթին արտադրողականություն է եւ առանց արտադրողականության շահութաբեր գործունեություն վարել հնարավոր չէ: Սա հենց այն օրինակն է, երբ այդ բոլոր հարցերը համատեղված են: Այս օրինակը պետք է շատ դեպքերում հասանելի լինի այն տնտեսությունների համար, որոնք ցանկանում են նույն ճանապարհն անցնել։ Կարեւոր է, որ տնտեսությունը նախատեսում է առաջիկա ամիսների իր գործունեության ընթացքում առաջարկել նաեւ տոհմային կենդանիներ, ինչը իրական հնարավորություն կդառնա այն տնտեսությունների համար, որոնք, առավելությունները տեսնելով եւ գնահատելով, մտադիր են իրենց տնտեսությունները վարել»:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հավելել է՝ «ուրախ է արձանագրել, որ այս տնտեսությունը նաեւ ակտիվ համագործակցում է պետական օժանդակության ծրագրերով եւ արդեն իսկ ունի արդյունքներ.  207 գլուխ տոհմային մաքրացեղ կենդանիներ են ներկրվել տնտեսություն, որից 175 գլուխ ֆլեկվի ցեղատեսակի եւ 33 գլուխ անգուս ցեղատեսակի»։
Դիտում՝ 2774
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW