HSBC Հայաստանն ու ՔՈԱՖ-ը կրթաթոշակներ են տրամադրում մարզաբնակ ուսանողներին

20.05.2020 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #ՔՈԱՖ #կրթաթոշակ
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) 6-րդ տարին շարունակ համատեղ իրականացնում են բուհերում սովորող մարզաբնակ ուսանողներին ուղղված «Կրթաթոշակների ծրագիր»:

Այս տարվա կրթաթոշակների ծրագրային ընդհանուր ֆոնդը կազմել է 13.1 մլն դրամ, որից 9.7 մլն դրամը տրամադրել է HSBC Հայաստանը:

Երկու կազմակերպությունների վեցամյա համագործակցության արդյունքում ավելի քան 100 մարզաբնակ ուսանողների ընձեռնվել է Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում ստացիոնար եւ հեռակա կրթություն  ստանալու հնարավորություն։  

Ի լրումն ֆինանսական աջակցության՝ նշված կազմակերպություններն ուսանողների համար մշակել են կարիերայի զարգացման փաթեթ, որը ներառում է  պրակտիկա, մենթորություն եւ աշխատանքային հմտությունների զարգացման դասընթացներ: Ծրագրի նպատակն է աշխատաշուկայում մրցունակ, գիտակ եւ մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի պատրաստումը։

«HSBC-ում մենք չափազանց կարեւորում ենք կրթությունը՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու գրավականներից մեկը: Մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը հատուկ շեշտադրում է երիտասարդների շրջանում ապագայի աշխատանքային հմտությունների զարգացման եւ զբաղվածության խթանման հարցերը:  Ծրագիրն էլ ավելի եմ կարեւորում, քանի որ այն ուղղված է մարզաբնակ երիտասարդներին, որոնց կարիերա կառուցելու հնարավորությունները ավելի սակավ են մայրաքաղաքում բնակվող երիտասարդների համեմատ»,- ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

Ի լրումն ֆինանսական աջակցությանը՝ HSBC Հայաստանի աշխատակիցները ծրագրի մենթորության բաղադրիչի շրջանակում հանդես են եկել որպես կամավորներ: Մայիսի 15-ին կայացավ 2019-2020 ուսումնական տարվա 21 կրթաթոշակառուների եւ վերջիններիս մենթորությունը կամավոր հիմունքներուվ ստանձնած HSBC Հայաստանի 21 մասնագետների միջեւ առաջին առցանց հանդիպումը։ Ծրագրի մասնակիցները հստակեցրին համագործակցությունից բխող իրենց ակնկալիքները եւ պարտավորությունների շրջանակը։

«Սա կյանքում տրվող եզակի հնարավորություն է, երբ անձնական ու մասնագիտական աճի որոշակի ճանապարհ անցած մասնագետը հայտնում է ժամանակ ու ռեսուրս տրամադրելու պատրաստակամություն երիտասարդների զարգացման ու սեփական ուղին հարթելու խրախուսման նպատակով։ Քաղեք առավելագույնը ձեր համագործակցությունից»,- կրթաթոշակառուներին դիմել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Վեց տարվա ընթացքում ծրագրի շրջանակում ներառվել են Հայաստանի 5 մարզերի 25 համայնքների 100-ից ավելի ուսանողներ։ Մինչ օրս ծրագրի արժեքը կազմել է ավելի քան $80,000։
Դիտում՝ 9827
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW