HSBC-ն հայտարարել է Իրինա Սեյլանյանի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին։ Նա իր պարտականությունները կստանձնի 2020-ի մարտի 2-ից։ Նշանակումը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցման: Իրինա Սեյլանյանը կփոխարինի Փոլ Էդգարին, որը նոր պաշտոն կստանձնի HSBC Խմբում: HSBC-ին միանալով 1997-ին՝ Իրինան ներկայում զբաղեցնում է HSBC Մալթայի ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրենի, ինչպես նաեւ HSBC Հայաստանի եւ HSBC ասեթ մենեջմենթ (Մալթա) խորհրդի անդամի պաշտոնները: «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Փոլ Էդգարին Հայաստանում իրականացվող աշխատանքներում զգալի ներդրում կատարելու համար։ Ողջունում եմ Իրինա Սեյլանյանին HSBC Հայաստան վերադառնալու կապակցությամբ։ Ունենալով ավելի քան 20 տարիների փորձ Հայաստանի եւ միջազգային բանկային համակարգում՝ նա հրաշալի ղեկավար է հայաստանյան բիզնեսի համար»,- նշել է HSBC Խմբի Եվրոպայի տարածաշրջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսը:Իրինա Սեյլանյանն էլ նշել է, որ մեծ ոգեւորությամբ է վերադառնում Հայաստան` բանկի ղեկավարությունը ստանձնելու.«Մենք պատրաստվում ենք էլ առավել խորացնել մեր հայաստանյան եւ միջազգային արհեստավարժ թիմերի միջեւ համագործակցությունը՝ ի նպաստ մեր հաճախորդների բիզնես շահերի»: Tweet Դիտում՝ 18470