ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. « Հարգելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին եւ հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու եւ պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ եմ, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում հարկ վճարողների (տնտեսավարողների) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջեւ հաջողվել է ձեւավորել գործընկերային հարաբերություններ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ ունենք, հետեւաբար հստակ է մեր մտադրությունն ու պատրաստակամությունը՝ խորացնելու ստեղծված փոխվստահությունը։ Համաճարակի տարածմամբ եւ երկրում արտակարգ դրության պայմաններում բոլորս ենթարկվում ենք բազմաթիվ փորձությունների, ինչի արդյունքում նկատվում են վարքագծային դրսեւորումներ, որոնք այլ՝ համեմատաբար խաղաղ ու կանխատեսելի ժամանակ չեն եղել, կամ չեն արտահայտվել։ Հասկանալի է, որ ներկա ժամանակահատվածում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում տնտեսավարողների առջեւ ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք որոշ դեպքերում տնտեսավարողների տեսանկյունից թվում են անլուծելի՝ ապագան վերլուծելու համար պատշաճ տեղեկատվության անհասանելիության, կամ պարզա-պես այդ տեղեկատվության անկանխատեսելիության պատճառով։ Մենք պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ու մակարդակներում, ինչպես նաեւ հետեւողականորեն գնահատում ենք տնտեսավարողների գործունեությունն ու վարքագիծը, քանի որ մտահոգված ենք տնտեսավարողների գործունեության արդյունավետությամբ՝ հստակ գիտակցելով, որ հենց այդ ստեղծված արդյունքներից է կախված մեր պետության առջեւ դրված խնդիրների իրագործումը։Այնուամենայնիվ, պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաեւ առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերեւույթ կեղծիքի, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու, կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները։Այսպիսով, կրկին վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործիքակազմն առավել քան բավարար է նման վարքագիծը հայտնաբերելու եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Հիշեցնում եմ, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բնականոն կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային եւ մաքսային հսկողություն։ Հարգելի հայրենակիցնե՛ր, հաշվի առնելով վերոգրյալը, կրկին հորդորում եմ դրսեւորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ եւ զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսեւորումից։ Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակի տարածման հետեւանքով տիրող ծանր իրավիճակն ու դրանից բխող անխուսափելի հետեւանքները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, ձգտելով ամուր պահպանել ձեռք բերված սերտ համագործակցությունն ու փոխվստահությունը, պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ եւ ինքնուրույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքելու, գանձման վարույթներ եւ արգելանքներ չկիրառելու, ինչպես նաեւ օրենքով վերապահված այլ գործիքներ օգտագործելու միջոցով»։ Tweet Դիտում՝ 1181