Ինչպես «չվառվել» օնլայն ռեժիմում

10.04.2020 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հեռահար աշխատանք #Harvard Business Review
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Լոնդոնի բիզնես դպրոցի եւ Օքսֆորդի համալսարանի բարեկեցության հետազոտական կենտրոնի գիտաշխատող Լոռա Ջուրջի եւ Քորնուելի համալսարանի դոցենտ Վանեսա Բոնսի հոդվածից՝  հրապարակված Harvard Business Review պարբերականում:

Կորոնավիրուսի պայմաններում միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում անսպասելի անցան հեռահար աշխատանքի ռեժիմի: Զարմանալի չէ, որ որոշ գործատուներ մտահոգված են արդյունավետության հարցերով: Բայց այս աննախադեպ իրավիճակում իրականում պետք է անհանգստանալ ավելի հեռավոր սպառնալիքի՝ «վառվելու» մասին:  

Տանից աշխատելու պայմաններում «վառվելու» ռիսկը բավականին մեծ է: Աշխատանքային եւ ոչ աշխատանքային ժամանակի միջեւ ընկած սահմանները լղոզվում են, եւ շատ մարդկանց, ովքեր առաջին անգամ են առնչվում հեռահար զբաղվածության հետ, դժվար է առանձնացնել մասնագիտական կյանքն անձնականից: Ոմանք՝ հավատարմություն, գործին նվիրվածություն, աշխատանքի բաձր արդյունավետություն ցուցադրելու ցանկությունից դրդված աշխատում են անընդհատ: Օրը սահուն վերածվում է երեկոյի, աշխատանքային օրերը՝ հանգստյան օրերի, իսկ ինչ բան է «ազատ ժամանակը», արդեն անհասկանալի է: Բայց չէ՞ որ հնարավոր է՝ որոշ աշխատակիցների խնդրեն մի քանի ամիս աշխատել հեռահար ռեժիմում:

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ շատ կարեւոր է բաժանել աշխատանքային եւ անձնական ժամանակը, հատկապես՝ հոգեկան առողջության համար: Նաեւ այն պատճառով, որ տնտեսական գիտելիքների մեջ «կատարյալ աշխատողի» նկատմամբ մոտեցումը կտրուկ փոխվել է:

Մեր հետազոտությունները վկայում են, որ հաճախ աշխատողներն իրենց ղեկավարների, գործընկերների եւ ենթակաների համար ակամայից բարդացնում են անձնական եւ աշխատանքային ժամանակի միջեւ ընկած սահմանների պահպանման խնդիրը: Օրինակ, հաղորդագրություն են ուղարկում գրասենյակային գրաֆիկից դուրս: Մենք 2000-ից ավելի աշխատողների մասնակցությամբ 5 փորձարկում ենք իրականացրել եւ պարզել, որ նրանք, ովքեր գործնական նամակներ են ուղարկում ոչ աշխատանքային ժամերին, ոչ ամբողջությամբ են կարող գնահատել, թե որքանով ստացողներն իրենց պարտավորված կզգան օպերատիվ պատասխանելու հարցում, անգամ, եթե հարցը շտապ չէ:


Կորոնավիրուսի համավարակի պայմաններում լարվածությունը միայն ուժեղանում է: Անգամ նրանց, ովքեր ձգտում են բաժանել մասնագիտական եւ անձնական կյանքը, դրան հասնելը ստեղծված իրավիճակում դժվար է: Դպրոցները փակ են, հնարավորություն չկա երեխային մանկապարտեզ տանելու, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատող ծնողների համար: Անգամ եթե ընկերությունում նախկինում էլ էին առաջարկում տանից աշխատել, հիմա հեռահար աշխատանքի կազմակերպման հետ կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ աշխատակիցների համար ավելի դժվար է կատարել իրենց խնդիրները` շրջապատված լինելով ընտանիքի անդամներով:

Իսկ ինչպե՞ս նոր եւ արտառոց պայմաններում հստակ բաժանել մասնագիտական եւ անձնական կյանքը: Ինչպե՞ս «թողնել աշխատանքը դռան հետեւում», եթե այնտեղից մենք այսօր դուրս չենք գալիս: Ի՞նչ կարող են անել գործատուները, ղեկավարները եւ գործընկերները`միմյանց օգնելու համար:

Պահպանեք ֆիզիկական եւ սոցիալական սահմաններ

Արիզոնայի նահանգի համալսարանից Բլեյք Էշֆորթն իր աշխատությունում նկարագրել է աշխատանքային եւ ոչ աշխատանքային դերերի սահմանագծման մեխանիզմը՝ «անցումային գործողությունների» օգնությամբ: Աշխատանքային զգեստապահարանը, տանից աշխատանքի տեղափոխվելը՝ այս բոլորը ֆիզիկական եւ սոցիալական ցուցիչներ են «տնայինից» «աշխատանքայինի» ձեր կարգավիճակի փոփոխության մասին:

Աշխատեք պահպանել այս սահմանագիծը նաեւ հեռահար ռեժիմում: Սկզբից ձեզ կարող է ուրախացնել առավոտյան էլեկտրագնացքին հասցնելու անհրաժեշտության բացակայությունը, կամ ամբողջ օրը գիշերանոցով անցկացնելու փաստը, սակայն սահմանագծման մեխանիզմները կարող են ձեզ համար օգտակար լինել, ուստի պետք չէ դրանցից լիովին հրաժարվել: Ամեն առավոտ հագնվեք «աշխատանքի գնալու» պես: Ուրբաթ օրերին կարելի է պահպանել ավելի ոչ ֆորմալ ոճը, բայց անգամ այս դեպքում կարեւոր է ձեզ կարգի բերել: Նախքան ձեր խնդիրների լուծմանն անցնելը, երեւի թե արժե գրասենյակ ուղեւորվելու փոխարեն զբոսնել մինչեւ մոտակա զբոսայգի, կամ անգամ բնակարանում:

Հնարավորինս պահպանեք ժամանակային սահմանները

Լավ ինքնազգացողության ու ներգրավվածության համար կարեւոր է պահպանել ժամանակային սահմանները: Դա հատկապես վերաբերում է այսօրվա իրավիճակին, երբ մեզանից շատերին եւ/կամ մեր գործընկերներին աշխատանքային ժամերին անհրաժեշտ է հետեւել երեխաների, կամ տարեց բարեկամների հետեւից: Անգամ այն աշխատակիցների համար, ովքեր չունեն երեխաներ, կամ այլ ընտանեկան պարտականություններ, դա բարդ խնդիր է, եւ դրա մեղավորը մոբայլ սարքերն են, որոնց շնորհիվ աշխատանքն երբեք չի վերջանում:  


Գործնականում հետեւել «9-ից մինչեւ 17-ը» ռեժիմին գրեթե անիրատեսական է: Աշխատակիցներին կարեւոր է գտնել առավել արդյունավետ անհատական հավասարակշռությունը: Պետք է նաեւ գիտակցաբար եւ հասկացողությամբ վերաբերվել նրան, որ մյուսները կարող են աշխատել այլ ժամանակացույցով, որը չի համընկնում ձերի հետ: Ոմանց համար ակտիվ ինտերվալները կարող են համընկնել երեխայի քնելու հետ: Ուրիշներին ավելի հարմար է զբաղվել մասնագիտական գործունեությամբ այն ժամանակ, երբ կինն ընթրիք է պատրաստում:  

Ժամանակային սահմանները որոշելու համար անհրաժեշտ է, որպեսզի հնարավորություն լինի համաձայնեցնել ձեր ժամանակացույցն ուրիշինների հետ: Եվ այստեղ օգնության պետք է գան ղեկավարները: Հնարավոր է, դրա համար անհրաժեշտ լինի պարբերաբար վիրտուալ խորհրդակցություններ անցկացնել: Մինչեւ ամեն ինչ հունի մեջ մտնի, կարեւոր է պահպանել նորմալ աշխատանքային գործընթացի զգացողությունը:

Կենտրոնացե՛ք ամենակարեւոր խնդիրների վրա

Հիմա ավելորդ ակտիվության ժամանակը չէ: Շատ կարեւոր է կենտրոնացնել ուշադրությունն ամենակարեւոր խնդիրների վրա: Աշխատելով տանից՝ շատերը կարող են զգալ աշխատանքի բարձր արդյունավետություն ցուցադրելու անհրաժեշտություն: Բայց նման ձգտման արդյունքում հաճախ այսրոպեական խնդիրները կլուծվեն, այլ ոչ թե առավել կարեւորները, իսկ դա, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, երկարաժամկետ ապագայում հակաարդյունավետ է, անգամ եթե սկզբից դա արդյունավետ էր թվում: Աշխատակիցներին կարեւոր է ուշադիր բաշխել առաջնահերթությունները, հատկապես, երբ բեռն աճել է ընտանեկան եւ աշխատանքային խնդիրների համատեղման պատճառով:


Անընդմեջ աշխատել, անգամ ամենակարեւոր խնդիրների վրա, պետք չէ: Որոշ գնահատականներով՝ արդյունավետ գործունեության ժամանակը միջինում կազմում է օրական երեք ժամ, եւ այդ ժամերը պետք է պաշտպանել ընդհատումներից: Անգամ մինչեւ համավարակի սկսվելը հեշտ չէր պահպանել նման ինտերվալը եւ նվիրել այն ամենակարեւոր խնդիրներին: Այսօր, երբ սահմանները լղոզված են, աշխատակիցների ժամանակն ավելի մասնատված է:

Սա ընդամենը խորհուրդներից մի քանիսն են, որոնք կօգնեն պահպանել սահմաններն աշխատանքային եւ անձնական կյանքի միջեւ ու ապագայում խուսափել «վառվելուց»: Ճկուն մոտեցումը կօգնի աշխատակիցներին փորձարկումներ իրականացնել եւ գործնական որոշումներ գտնել այս անկանխատեսելի ժամանակներում:

Պատրաստեց Խորեն Օրմանյանը
Դիտում՝ 3153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW