Վարչապետը կարեւորել է ստեղծագործականության խթանումը

06.04.2020 | 08:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կորոնավիրուս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները:  

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա եւ ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը եւ տնտեսական հատվածը կարող է օգտվել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք է գնահատել այն, թե ինչպես պետք է կառավարությունն արձագանքի հնարավորություններին կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում՝ հաշվի առնելով նոր պայմաններում տնտեսության կառուցվածքի փոփոխությունները:  

Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների եւ հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում, կարեւորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների եւ գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը:

«Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաեւ սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը եւ հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու  զարգացման կոնկրետ բանաձեւերի մշակումը՝ ըստ ոլորտների:
Դիտում՝ 1352

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW