Հաստատվել են արտոնյալ վարկերից օգտվելու համար դիմելու կարգերը
01.04.2020 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Դիմումներ ներկայացնելու համար թեժ գիծը գործելու է Ներդրումների աջակցման կենտրոնի ներքո:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր հայտնել է, որ ՓՄՁ-ների միջոցառումների պահանջներին բավարարող յուրաքանչյուր հայտատու կենտրոնի կայքում կարող է լրացնել առցանց դիմումը:
«Բոլոր դիմումները ընդունվում են միայն առցանց: Պահանջվող փաստաթղթերը բավականին պարզ են: Իսկ, որպեսզի ավելի արագ կարողանան հայտադիմումը մշակել, առաջարկում ենք Ներդրումների աջակցման կենտրոնին տրամադրել լիազորագիր, որով վերջինս կկարողանա դիմել «ԱՔՌԱ» համակարգին՝ շահառուի վարկային պատմության մասին տվյալները ստանալու համար:
Լիազորագիրը եւս կցված է նույն հայտադիմումի մեջ, որը շահառուն կարող է ներբեռնել, լրացնել՝ պարզապես, այն պետք է էլեկտրոնային եղանակով ստորագրել, որպեսզի համարվի գործող: Ստորագրումից հետո այն պետք է բեռնել հայտադիմումի մեջ, ինչից հետո մենք ստանում ենք իրավունք մոտակա մեկ շաբաթվա ընթացքում դիմել եւ ստանալ տվյալները»,- պարզաբանել է փոխնախարարը:
Նա նշել է, որ շահառուները պետք է ներբեռնեն նաեւ իրենց հարկային հաշվետվությունները.
«Հայտադիմումը լրացնելուց հետո, 2 օրվա ընթացքում, շահառուն կենտրոնից էլեկտրոնային նամակ կստանա, որը կամ կհաստատի հայտադիմումը, կամ, եթե պակաս փաստաթղթեր կան՝ կթվարկի դրանք: Եթե մերժում լինի, դրա պատճառները եւս կնշվեն»:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսներին տրամադրվող արտոնյալ վարկերից օգտվելու համար դիմելու կարգին՝ Արման Խոջայանը մանրամասնել է.
«Վարկավորման ծրագրին դիմելու համար առաջին քայլը պետք է լինի ֆինանսական կառույցին (բանկ, վարկային կազմակերպություն) դիմելը, որից հետո կառույցը հավանական վարկառուներից ցուցակը կներկայացնի նախարարությանը, ինչից հետո էլ նրանց համար, ըստ թեմաների, մարզերում հեռակա դասընթացներ կկազմակերպվեն:
Դրանից հետո մարդիկ ստանում են հավաստագիր, որը ներկայացնում են ֆինանսական կառույցին: Այնուհետ յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն ինքն է կատարում վարկունակության գնահատում եւ վարկ տրամադրելու որոշում կայացնում»:
Բացի վարկային արտոնություններից՝ առաջարկվում է նաեւ փոխհատուցման տարբերակներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: