Աշխատանք կորցրածներին միանվագ օգնություն կտրամադրվի

30.03.2020 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#կառավարություն #միանվագ օգնություն
ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման եւս 3 միջոցառում։ Հաստատված միջոցառումներից 2-ը սոցիալական բնույթի են:

Ներկայացնում ենք, թե ովքեր կարող են դառնալ սոցիալական օժանդակության 2 ծրագրերի շահառուներ:

1. Աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած քաղաքացիները:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Միջոցառման շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020-ի հունվարի 1–ից մինչեւ մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու եւ կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020-ի մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

- ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը,
- ով 2020-ի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
- 2020-ի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
- ով կառավարության 2020-ի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։

Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:


2. Աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած հղի կանայք:

Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 դրամի չափով:

Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք եւ ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչեւ 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:
Դիտում՝ 1487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW