Երեւանում մարտի 12-ին կանցկացվի «Տեխնոլոգիական միտումները՝ ֆինանսների ոլորտում» հանդիպում-քննարկումը, որին կմասնակցեն ֆինանսական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մասնագետները։ Միջոցառման կազմակերպիչը ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերությունն է։ Բացառիկ փակ հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել այն ուղիները, որոնցով ֆինանսական ոլորտի առաջատարները զարգացնում են իրենց ծրագրային հնարավորությունները՝ բիզնես-առաջադրանքների լուծման համար, ինչպես նաեւ կծանոթանան աշխարհում այս ոլորտում ընթացող զարգացումներին։ «Տեխնոլոգիաների շարունակական զարգացումն անվերջանալի փոփոխություններ է բերում արդյունաբերության բոլոր ոլորտներում։ Առանցքային տրենդերը, ինչպիսիք են տվյալներ եւ վերլուծություն, մեքենայական ուսուցում եւ արհեստական բանականություն, բլոկչեյն եւ ամպային համակարգեր, ի թիվս այլ բաների, փոխում են ֆինանսական հաստատությունների մրցակցության եւ հաճախորդների սպասարկման ձեւը»,- ասված է DataArt-ի հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես կգա DataArt Armenia-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանը, ով Banks.am-ի հետ զրույցում ասել է, որ «նման միջոցառման անցկացումը Երեւանում շատ կարեւոր է համաշխարհային տրենդերին համընթաց լինելու տեսանկյունից»։ «Ֆինանսների ոլորտում առկա տեխնոլոգիական տրենդերը միտված են ապագային, եւ որպես երկիր, որտեղ ՏՏ ոլորտը առանցքային դիրքերում է, Հայաստանի համար կարեւոր է այդ ամենից հետ չմնալը։ Սա նաեւ հնարավորություն է միջազգային շուկայում գործող առաջատար մասնագետների փորձն ուսումնասիրելու եւ մեր առավելությունները ներկայացնելու համար»,- ասել է Արսեն Բաղդասարյանը։ Միջոցառման բանախոսները կլինեն DataArt ընկերության Տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Ալեքսեյ Ուտկինը, DataArt-ի Բլոկչեյն գերազանցության կենտրոնի ղեկավար Դենիս Բարանովը, DataArt-ի ֆինանսական գծով գլխավոր խորհրդատու Օլեգ Կոմիսարովը, DataArt-ի ֆինանսական գծով ավագ փոխնախագահ Պետեր Վայհանսկին։ Քննարկումը կվարի DataArt-ի բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով փոխնախագահ Սուրեն Ազատյանը։ Tweet Դիտում՝ 13369