Տարին ամփոփվում է փայլուն արդյունքներով, ասել է ԿԲ նախագահը

27.12.2019 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ «ներքաղաքական փոփոխություններից հետո սա առաջին ամբողջական տարին էր, եւ բանկային համակարգը մեկ անգամ եւս ապացուցեց, որ երբեմն հրապարակայնորեն բարձրացված մտահոգությունները բանկային համակարգում հնարավոր խնդիրների ի հայտ գալու հետ կապված, անհիմն են»:

Այս մասին ԿԲ նախագահը նշել է դեկտեմբերի 25-ին կայացած՝ տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:

Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել ինչպես Կենտրոնական բանկի թիմին, այնպես եւ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի բոլոր մասնակիցներին, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ տարին ամփոփվում է փայլուն արդյունքներով:

Կենտրոնական բանկի նախագահը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը, տնտեսությունում ֆինանսական միջնորդության զգալի խորացումը, օրեցօր ֆինանսական ծառայությունների մատչելիության, թափանցիկության եւ հասանելիության ընդլայնումը, բանկերի եւ ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տարվա բավականին բարձր ֆինանսական արդյունքները, եւ այլ ցուցանիշների գծով արագատեմպ աճերն ու բարելավումները:

Կենտրոնական բանկի նախագահը մեկ անգամ եւս իր երախտագիտության խոսքն է հայտնել ֆինանսական ինստիտուտներին՝ երկրի զարգացման եւ ֆինանսական համակարգի վերջնական կայացման համար ներդրած ավանդի համար: Նա ընդգծել է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից 2018 թ. իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի արդյունքներով եւս Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման եւ վերահսկողության գործընթացները համապատասխանել են բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:


Տարվա համար հատկանշական դրսեւորումներից նա նշել է նաեւ վարկային ներդրումների արագատեմպ աճը, եւ հատկապես սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման աննախադեպ՝ շուրջ 35% աճը, որն արդյունքն է նաեւ Կենտրոնական բանկի եւ կառավարության իրականացրած համատեղ ծրագրերի:

Արթուր Ջավադյանը առանձնացրել է նաեւ, որ 100 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել բոլոր բանկերը եւ վարկային կազմակերպությունների մի մասը:


Շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ Կենտրոնական բանկի նախագահը հավաստիացրել է, որ ե՛ւ ֆինանսական ինստիտուտների, ե՛ւ Կենտրոնական բանկի աշխատակիցների առջեւ դրված խնդիրները մեծ հաշվով իրականացվել են, եւ վստահեցրել, որ իրականցվող արդյունավետ աշխատանքները շարունակական են լինելու:
Դիտում՝ 4064
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW