Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը:ՀՀ Կենտրոնական բանկում նշել են, որ 36-ամսյա այս վարկային ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ Խորհրդի կողմից հաստատվել է 2019թ. մայիսի 17-ին:Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը մինչեւ իր ավարտը՝ 2021թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական եւ մտադիր չեն այն օգտագործել, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների հետեւանքով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան:ԱՄՀ Կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահի պաշտոնակատար Միթսուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հայտարարությամբ՝ առանձնացնելով հետեւյալ կետերը.- Հայաստանի տնտեսական կատարողականն ուժեղ է առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով՝ արտաքին պահուստների աճի եւ ավելի բարձր եկամուտների պայմաններում:- Չնայած բյուջեի գերակատարմանը՝ բարեփոխումների թափը պահպանելը կարեւոր է եկամուտների հավաքագրումն ամրապնդելու, այդ թվում՝ գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար:- Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը, կամրապնդեն կայուն եւ ներառական աճը:«Գների կայունության ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականությունը նպաստում է տնտեսական աճին: Իշխանությունների կողմից Բազել III-ի միջոցառումների իրականացումը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, ընդ որում՝ ողջունելի են նաեւ կապիտալի շուկայի զարգացմանը եւ ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված ծրագրերը»,- ասել է Միթսուհիրո Ֆուրուսավան: Tweet Դիտում՝ 2004