Homeland ապրանքանիշի ներքո պահածոների տեսականին մուտք է գործել հայաստանյան շուկա

20.12.2019 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Homeland #«ԷսԷռ Ֆուդ» #«Դերժավա-Ս»
Տեղական շուկայի հնարավորություններն աճում են՝ թե՛ առաջարկի, եւ թե՛ պահանջարկի առումով: Աստիճանաբար բազմազանեցվում ու ընդլայնվում են նաեւ արտասահմանյան շուկաներ դուրս գալու ուղիները: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականը, որն, իհարկե, համահունչ է նաեւ գործարար ոլորտի ներկայացուցիչների ակնկալիքներին եւ նախանշված ծրագրերին:

Անշուշտ, «ԷսԷռ Ֆուդ» ընկերությունն իր Homeland պահածոների ապրանքանիշով եւս չէր կարող անմասն մնալ թվարկված զարգացումներին ու բացվող հեռանկարներին: Պահածոների՝ առաջադեմ եւ նորարար տեխնոլոգիաներով հագեցած նոր գործարանի հիմնումը եւ սպառողին որակյալ ու համեղ տեսականի ներկայացնելը բխում են հենց այս իրողություններից:


«ԷսԷռ Ֆուդ» ընկերությունն այսօր առաջարկում է բանջարեղենային ու մրգային պահածոների լայն տեսականի: Homeland-ի՝ շուկայում վերջերս ներկայացված պահածոների շարքում առաջարկվում են ավանդական կերակրատեսակներ, այդ թվում՝ խորոված ու մարինացված բանջարեղեն, տոմատի մածուկ եւ կոմպոտներ:

Ընկերության արտադրանքի համար մթերվում է բացառապես բարձրորակ տեղական հումք՝ անմիջապես գյուղացուց: Հայ գյուղացու ջանքը, համբերատարությունը եւ, իհարկե, սերը սեփական հողի հանդեպ այն կարեւոր բաղադրիչներն են, առանց որոնց հնարավոր չէր լինի ստանալ հայաստանյան արեւահամ բերքն ու բարիքը:

Հումքն ընդունելուց առաջ կատարվում է նմուշահանում, եւ միայն դրա եզրակացության հիման վրա ստացված միրգն ու բանջարեղենը բեռնաթափվում են եւ մտնում արտադրամաս: Ընտրված հավասար, առողջ ու սննդի համար լիովին պիտանի միրգն ու բանջարեղենն արտադրամաս հասնելուց հետո պատրաստվում են մշակման հաջորդ փուլի համար: Այս ընթացքում պտուղներն անցնում են մի շարք տեխնոլոգիական գործընթացներով եւ վերածվում պատրաստի արտադրանքի:


Ներկայացված արտադրանքի պատրաստման բաղադրատոմսերը կազմվում են այնպես, որ դրանք հաճելի լինեն ցանկացած քիմքի. թե՛ այն սպառողներին, որոնք նախընտրում են նուրբ համեմունքների համադրություններ, եւ թե՛ նրանց, որոնք ավելի վառ արտահայտված համերի սիրահար են:

Առաջարկվող պահածոների պատրաստման ընթացքում, միեւնույն ժամանակ, նվազագույնի են հասցվել արհեստական հավելանյութերի, կոնսերվանտների եւ այլ հավելումների օգտագործումը՝ սպառողի առողջության հանդեպ մշտական հոգածությամբ ու նրա սննդային նախասիրությունները հաշվի առնելով:


Ջերմամշակման եւ մանրէազերծման արտադրական գործընթացներում կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս սպառողին ներկայացնել անվտանգ եւ ապահով մթերք, որը, միեւնույն ժամանակ, պահպանում է իր սննդարարությունն ու թարմությունը:

Պահածոյացումը կատարվում է վակուումային հատուկ սարքավորման միջոցով, ինչը թույլ է տալիս երաշխավորել դրա երկարաժամկետ պահպանումը: Մանրէազերծումից հետո արտադրանքն անցնում է կարանտինային շրջան, իսկ հետո՝ լաբորատոր փորձարկումներ: Այնուհետեւ՝ վերջիններիս դրական արդյունքների հիման վրա որակի հավաստում անցած պահածոները պահեստից բաց են թողնվում եւ հասնում սպառողին:


Homeland պահածոների գործարանի հիմնադրման աշխատանքները սկսվել են 2016 թվականին: Առ այսօր արտադրության կազմակերպման համար արդեն իսկ ներդրվել է ավելի քան 3,5 միլիարդ դրամ: Ստեղծվել է ավելի քան 250 աշխատատեղ: Մինչեւ 2020 թվականն ակնկալվում է արտադրել 100 եւ ավելի անուն արտադրանք՝ տարեկան 5 միլիոն տարրա ծավալով: Առաջիկայում նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ եւ եվրոպական շուկաներ:

Homeland ապրանքանիշը պատկանում է «Դերժավա-Ս» ընկերությունների խմբին: Ընկերության գործունեության հիմքում ոչ միայն գործարար հաջողություններն են, այլեւ՝ երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունն ու հոգածությունը սպառողի հանդեպ:


Մթերքի հանդեպ նուրբ վերաբերմունքը թույլ է տալիս սպառողին առաջարկել բարձրորակ տեսականի, որի մշակման եւ արտադրության գործընթացներում հաշվի են առնվում թե՛ մթերքի բնական առանձնահատկությունները, եւ թե՛ դրանց պատրաստման մեջ կիրառվող տեխնոլոգիական նորագույն մոտեցումները: Աճեցումից մինչեւ պահածոյացում ու վաճառք՝ ընկերությունը սահմանել է որակի վերահսկման խիստ չափանիշներ եւ սպառողին առաջարկում է բարձրորակ ու առողջ սննդամթերք:

Դիտում՝ 18423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW