Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ 7 շաբաթ տեւողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաեւ Հերոսների համալսարան։«Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչեւ Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչեւ YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձեւով»,- հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:Կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար: Հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 27-ը։Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձիք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին եւ պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների եւ ապագա ձեռնարկատերերի հետ։ Դիմելու համար պետք է անցնել այս հղումով: Լավագույններին ընտրելու են Դրեյփերի համալսարանի եւ ԲՏԱՆ կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները: Tweet Դիտում՝ 2250