Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ

10.12.2019 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5%:

Տոկոսադրույքի վերջին փոփոխությունը ԿԲ-ն կատարել էր այս տարվա սեպտեմբերին՝ իջեցնելով այն 0,25 տոկոսային կետով:

«2019թ. նոյեմբերին գրանցվել է 1,1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 1%։

Արտաքին հատվածում դիտվել է տնտեսական անորոշությունների որոշ չափով նվազում, այդուհանդերձ պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի ցածր տեմպերը, ինչն արտահայտվում է ինչպես համաշխարհային թույլ պահանջարկի, այնպես էլ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձեւավորված ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չեն ակնկալվում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Խորհուրդն արձանագրել է, որ երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գերազանցել է կանխատեսված մակարդակը, որը կպահպանվի նաեւ չորրորդ եռամսյակում՝ հիմնականում ծառայությունների ճյուղի նպաստումով պայմանավորված։ Ներքին պահանջարկը եւս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը: Միաժամանակ, թեպետ տարեսկզբից հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, այնուամենայնիվ չորրորդ եռամսյակում եւ հաջորդ տարվա ընթացքում ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կլինի խթանող:


«Հաշվի առնելով արտաքին եւ ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի եւ սպասվող զարգացումները, ինչպես նաեւ շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաեւ գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռեւս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում:

Ներկայումս գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը, ընդհանուր առմամբ, հավասարակշռված են, որոնց դրսեւորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետում»,- ամփոփել են ԿԲ-ում:
Դիտում՝ 1520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW