Տնտեսագիտական համալսարանն ու ՏՄՊՊՀ կհամագործակցեն

29.11.2019 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Դիանա Գալոյան #ՏՄՊՊՀ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

ՀՊՏՀ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու կառույցներն այսուհետ կհամագործակցեն մի շարք երկկողմ հետաքրքրությունն ներկայացնող հարցերի շուրջ, մասնավորապես ուսանողների փորձառությունների կազմակերպում ՏՄՊՊՀ-ում, ՀՊՏՀ հետազոտողների եւ ուսանողների ներգրավում հանձնաժողովի գործունեության տարբեր ոլորտներում, փորձի փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում, ՀՊՏՀ-ի կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հետազոտությունների եւ գիտակրթական նյութերի տրամադրում հանձնաժողովին:

Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ հանձնաժողովն ակտիվացրել է համագործակցությունը բուհերի հետ՝ առաջնորդվելով մրցակցության պաշտպանության ոլորտում զարգացման միտումներին համընթաց քայլելու, գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման, ինչպես նաեւ բուհից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելու անհրաժեշտությամբ:

«Տնտեսագիտական համալսարանը մեր երկրում այն հիմնական դարբնոցն է, որը տնտեսագետներ է պատրաստում, եւ մեզ համար՝ որպես գործատուի, կարեւոր է այդ համագործակցության ամրապնդումը բոլոր ուղղություններով: Այսօր աշխատաշուկան ձեւափոխվել է, պահանջարկը շատ արագ է փոխվում, եւ պետք է համատեղ աշխատենք այդ ազդակները տեղ հասցնելու եւ մրցունակ, պրակտիկ հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար»,- մասնավորապես նշեց հանձնաժողովի նախագահը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն իր հերթին նշել է, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ բարեփոխումների ակտիվ շրջան է եւ հատկապես վերանայվում են կրթական ծրագրերն ու վերափոխվում է փորձառությունների գործընթացը՝ նպատակ ունենալով դրանում հնարավորինս ընդգրկել գործատուներին, որոնք կկարողանան մասնակցել կրթական ծրագրերի կազմմանը, դասավանդմանը, փորձառությունների կազմակերպմանը:


«Այդպիսով գործատուն կներգրավվի իր ապագա աշխատողի կրթության կազմակերպման գործում»,- ասել է ՀՊՏՀ ղեկավարը՝ հավելելով, որ համալսարանը հատկապես կարեւորում է համագործակցությունը պետական կառույցների հետ:

Դիանա Գալոյանը որպես համագործակցության ուղղություն մատնանշեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ այն հայաստանյան ուղեղային միակ կենտրոնն է, որը 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման Go To Think Tank Index Report զեկույցում՝ 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ այս տարի զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը: «Այստեղ եւս մենք պատրաստակամ ենք մեր համալսարանի գիտական ներուժը օգտագործել ի նպաստ ՀՀ տնտեսության զարգացման»,- ասել է ՀՊՏՀ ղեկավարը:
Դիտում՝ 2914
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW