Դիանա Գալոյան. ՀՊՏՀ-ում իրականացվում են համալիր բարեփոխումներ

06.11.2019 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Դիանա Գալոյան #ՀՊՏՀ #Տնտեսագիտական համալսարան
Banks.am-ի հարցազրույցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ:

- Տիկին Գալոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու օրը հայտարարեցիք կրթական բարեփոխումների շարունակականության մասին: Ի՞նչ հիմնական քայլեր եք հասցրել անել այս երկու ամիսների ընթացքում կրթության որակի բարձրացման, այդ թվում՝ կրթական ծրագրերի արդիականացման, մագիստրատուրայում կրթության որակի բարելավման ուղղությամբ:

- Այն, որ կրթության որակը պետք է փոխվի ամբողջ հանրապետությունում, միանշանակ է: Մեր համալսարաններին պետք են համալիր բարեփոխումներ, եւ դա գիտակցում են նաեւ Տնտեսագիտական համալսարանի բոլոր շահառուները:

Համալսարանական կրթության պարագայում ամենակարեւոր անելիքը համարում ենք կրթական ծրագրերի վերափոխումը եւ աշխատաշուկայի հետ սերտ կապի հաստատումը: Այդ պատճառով էլ ՀՊՏՀ բոլոր ամբիոններին հանձնարարվել է մշակել մագիստրոսական կրթական նոր ծրագրեր՝ համապատասխանեցնելով գործատուների կարիքներին:

Միեւնույն ժամանակ, մտադիր ենք կյանքի կոչել մի նոր մոտեցում, որը կարելի է հեղափոխական համարել. ցանկանում ենք մագիստրոսական կրթությունն այնպես կազմակերպել, որ մագիստրանտներն առարկան ուսումնասիրելուց անմիջապես հետո փորձառություն անցնեն համապատասխան գործատուի մոտ՝ ստանալու պրակտիկ հմտություններ, որոնք կլրացնեն մեր տված ակադեմիական գիտելիքը: Այս առումով արդեն իսկ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի շարք գործատուների հետ, եւ արդեն մյուս շաբաթվանից սկսած՝ համապատասխան պայմանագրերը կկնքվեն:

Սրանով նաեւ կլուծվի փորձառությունների կազմակերպումը որակապես եւ բովանդակային առումով վերափոխելու գլխավոր խնդիրը. այսինքն՝ նախկինում գոյություն ունեցող փորձառության կազմակերպման գործընթացը կվերափոխվի եւ կդառնա ավելի արդյունավետ՝ ուսանողներին հնարավորություն տալով ոչ թե ուսման ավարտին 6 շաբաթ փորձառություն անցնել, այլ հենց ուսումնառության շրջանում յուրաքանչյուր առարկայի ուսումնասիրությունից հետո համապատասխան կազմակերպությունում կամ պետական գերատեսչությունում անցնել փորձառություն:

Մենք այժմ պրակտիկայի տրամաբանությունը վերակառուցում ենք on-job training-ների, երբ գործատուն միանգամից փոխանցում է պրակտիկ հմտությունները, իսկ մենք ակադեմիական մասն ենք ապահովում: Այս մոտեցումը թույլ կտա, որպեսզի մեր մագիստրատուրայի ուսանողները լիարժեք պատրաստ լինեն ուսման ավարտից անմիջապես հետո մտնել աշխատաշուկա: Գործատուները եւս պնդում են, որ այդ պարագայում արագ կլուծեն ուսանողների զբաղվածության խնդիրը, որովհետեւ արդեն հասցրած կլինեն փոխանցել գործնական հմտությունները:

- Վերջին շրջանում ՀՊՏՀ-ի անունը տեղական լրատվամիջոցներում դարձել է ամենահաճախ շրջանառվողներից մեկը: Հաճախ մեղադրանքներ են հնչում նաեւ անձամբ ձեր հասցեին: Կխնդրեի մեկնաբանել այդ հայտարարությունները եւ դրանց ազդեցությունը բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման վրա:

- Այո՛, վերջին մեկ տարում Տնտեսագիտական համալսարանի շուրջ ստեղծվել է վատ աղմուկ, ինչը մեզ համար շատ ցավալի է:

Կոնկրետ իմ անձի դեմ ստեղծված աղմուկը համարում եմ շինծու, քանի որ թե՛ ես, թե՛ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը բոլոր ջանքերը գործադրել ու գործադրում ենք կրթության որակի բարձրացման համար, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ կա փոփոխությունների կարիք, ուղղակի պետք է փոփոխություններն իրականացնել ավելի ընդունելի գործիքակազմով, որը եւ՛ հեղափոխական կլինի, եւ՛ համապատասխան արդյունավետություն կապահովի:


Մեր բոլորի նպատակը մեկն է՝ վերականգնել Տնտեսագիտական համալսարանի բարի համբավը, որը իրականացնելու ենք բուհում իրական բարեփոխումների եւ կրթության որակի բարձրացման միջոցով:

- Որքանով հայտնի է, ՀՊՏՀ-ն համագործակցային կապեր ունի գործատուների հետ: Ի՞նչ նոր գաղափարներ կան այդ կապերն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

- ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտն ինտենսիվ գործունեություն է ծավալում գործատուների հետ կապերը սերտացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Մենք այս կարճ ընթացքում արդեն իսկ բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել գործատուների հետ:

Ինչպես գիտեք, վերջերս ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ Աշխատանքի տոնավաճառ, որին մասնակից 54 գործատուները ներկայացրին 300-ից ավելի թափուր հաստիքներ: Միայն Տնտեսագիտական համալսարանի 7 թափուր տեղերի համար հայտ էր ներկայացրել 88 ուսանողներ, որոնց շրջանակում այս պահին մենք ընտրություն ենք կատարում:


Բացի այդ, դեկտեմբերի սկզբին Տնտեսագիտականում տեղի կունենա կամավորական աշխատանքի տոնավաճառ՝ ուղղված կամավորական աշխատանքի միջոցով ուսանողների անձնական որակների եւ աշխատանքային հմտությունների բարելավմանը: Այս նախաձեռնությունն ավելի շատ ուղղված է 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողներին, որոնք բուհն ավարտելուց հետո կամավորական աշխատանքի շնորհիվ նաեւ աշխատաշուկայում հաստատվելու առավելություն կունենան:

Մեկ այլ միջոցառում կազմակերպվում է գործատուների մարդկային ռեսուրսների կառավարման բաժինների մասնագետների հետ՝ նպատակ ունենալով վեր հանել գործատուներին հուզող խնդիրները, որոնց նրանք առնչվում են նոր կադրեր ընտրելիս:

Սա մեր համալսարանի համար այնքանով է կարեւոր, որ հնարավորություն կտա մեզ ավելի ճիշտ կազմել կրթական եւ առարկայական ծրագրերը՝ հաշվի առնելով գործատուների պահանջները: Կարծում ենք, որ այս միջոցառումների ամբողջությունը մեզ հնարավորություն կտա կրթական գործընթացն այնպես կազմակերպել, որ մեր ուսանողները համալսարանն ավարտելուց աշխատանք գտնելու դժվարություններ չունենան:

- Ուսանողներին ուղղված նախագծերի մասին մի փոքր խոսենք: Ի՞նչ առաջարկներ կան՝ ուսանողներին ուղղված եւ որքանո՞վ են նրանք ներգրավված բուհի կյանքում:

- Նախ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Տնտեսագիտական համալսարանում ձեւավորված է փորձագիտական խումբ, որն աշխատում է տարբեր կարգերի մշակման, այդ թվում՝ դասախոսների ատեստավորման կարգի մշակման վրա: Այդ խմբի 25 տոկոսը ուսանողներ են, որոնք ներգրավվում են ոչ միայն ուղղակի բուհի կյանքին, այլեւ՝ բարեփոխումների գործընթացին:

Մյուս կողմից՝ միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՊՏՀ-ում աշխատանքի է անցել 12 ուսանող եւ շրջանավարտ։


Ուսանողների համար նաեւ նոր նախագիծ ենք սկսում. նոյեմբերի կեսին համալսարանում տեղի կունենա Change Lab-ի բացումը: Սա մի հարթակ է, որն ուղղված է լինելու ուսանողներին մենթորների միջոցով փոփոխությունների կառավարման հմտություններ փոխանցելուն, ինչը շատ կարեւոր հմտություն է արագ փոփոխվող աշխարհում: Մեր նպատակն է ուսանողներին դարձնել, այսպես կոչված, խնդիր լուծողներ (problem solver):

Նախատեսում ենք կարճ կուրսերի միջոցով ուսանողներին փոխանցել կառավարման այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան կազմակերպություններում աշխատել որպես փոփոխությունների կառավարիչներ:

Տնտեսագիտական համալսարանը եւս Change Lab-ում հանդես կգա որպես գործատու, որն ունի փոփոխությունների կարիք՝ ներկայացնելով իր խնդիրները, եւ ուսանողները կգտնեն լուծումներ: Նպատակ կա Change Lab-ը հետագայում վերածել բիզնես ինկուբատորի, որտեղ ուսանողները հանդես կգան ստարտափ գաղափարներով, իսկ Lab-ը դրանց իրագործման համար կգտնի ներդրողներ:

Տնտեսագիտական համալսարանում ուսանողների կյանքի անբաժան մասն են նաեւ մշակութային, ժամանցային տարաբնույթ միջոցառումները:

- Բուհերում ընդունելության պատկերը փոխվում է՝ տարեցտարի դիմորդների թիվը նվազում է: Ինչպիսի՞ իրավիճակ է ՀՊՏՀ-ում եւ ինչպե՞ս եք աշխատում մասնագիտական կողմնորոշման դաշտում:

- Այս տարվանից մենք սկսել ենք ինտենսիվ աշխատել ավագ դպրոցների հետ եւ ամեն շաբաթ Տնտեսագիտական համալսարան ենք հրավիրում ավագ դպրոցների 11 եւ 12-րդ դասարանցիների, ներկայացնում մեր համալսարանի մասնագիտությունները, պարզաբանում ընդունելության կարգը, շրջայց կազմակերպում, որպեսզի աշակերտները հստակ տեսնեն համալսարանի հնարավորությունները, առավելությունները եւ մասնագիտության ընտրությունը կատարեն գիտակցված ձեւով, ոչ թե տուրք տան նորաձեւ մոտեցումներին կամ հնչեղ անուններին:

Աշակերտների հետ այս հանդիպումներն ավելի շատ անցկացնում են հենց ուսանողները. մենք գնում ենք student to student (ուսանողները ուսանողների համար) ճանապարհով, քանի որ կարծում ենք ավելի համոզիչ եւ հավաստի է, երբ բուհը աշակերտներին ներկայացնում են ուսանողները:

Նաեւ նախատեսում ենք այցեր մարզեր, որտեղ կկատարենք համալսարանը ներկայացնող շնորհանդեսներ:

Դիմորդների ներգրավման համար մեծապես կարեւորում ենք մագիստրոսական կրթական ծրագրերի արդիականացումը, գործատուների հետ տարվող հստակ աշխատանքը, ինչի արդյունքում մեր համալսարանի բակալավրիատի շրջանավարտների ավելի մեծ թիվ կդիմի մագիստրատուրա: Այս առումով հետաքրքրական ծրագիր եմ համարում նաեւ այլ բուհերի հետ համատեղ կամ դուալ մասնագիտությունների տրամադրումը:

Այս պահին արդեն հայաստանյան 2 եւ արտասահմանյան 1 բուհի հետ միջդիսցիպլինար մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու համաձայնություն ունենք եւ կարծում ենք՝ եկող տարվանից կկարողանանք ներդնել:

- Տնտեսագիտական համալսարանը հայտարարել է կարճաժամկետ վճարովի դասընթացների ծառայությունների ոլորտում դիրքավորվելու մասին: Մի փոքր կմանրամասնեք՝ ինչ է ենթադրում դա:

- Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բուհերի համար բավական մեծ ֆինանսական աղբյուր են հենց կարճ կուրսերը, վերապատրաստման դասընթացները, որոնք, ցավոք, հայաստանյան պրակտիկայում այնքան էլ շատ չեն իրականացվում բուհերի կողմից: Այս առումով՝ Տնտեսագիտական համալսարանը կարծում է, որ բուհը՝ որպես կրթական օջախ, ավելի մեծ հնարավորություն ունի՝ ավելի բարձր որակով իրականացնելու այս կարճ կուրսերը: Ընդ որում, այս պարագայում Տնտեսագիտական համալսարանը կարող է հանդես գալ, որպես կապող օղակ վաճառողի եւ գնորդի միջեւ, ինչը ենթադրում է, որ պարտադիր չէ, որ վերապատրաստողը լինի Տնտեսագիտական համալսարանից, այլ խնդիր այն է, որ նրանք կհանդիպեն մեր տանիքի ներքո եւ կուրսի ավարտից հետո, քննություն հանձնելով, Տնտեսագիտական համալսարանի կողմից կստանան հավաստագիր:

Մեզ մոտ արդեն իսկ նախաձեռնվել է երեք դասընթաց՝ աշխատանքի իրավունքի, նախագծերի կառավարման, MS EXCEL ոլորտներում, մոտ ապագայում սպասվում է հանրային ոլորտի հաշվապահական հաշվառման դասընթացը, որը կազմակերպվելու է հանրային ոլորտի հաշվապահների համար: Մասնագիտական վերապատրաստման դասընթացները մեր դասախոսների համար լրիվ անվճար են, իսկ կարճ կուրսերը մեր դասախոսների, աշխատողների, շրջանավարտների եւ ուսանողների համար զեղչվում են:

Դիանա Գալոյանը

- Ի՞նչ ծրագրեր ունեք գիտահետազոտական գործունեության խթանման եւ բուհի միջազգայնացման ուղղությամբ:

- Գիտական հետազոտությունների առումով պետք է նշեմ, որ Տնտեսագիտական համալսարանն ունի առավելություն՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, որը 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանշավորման Go To Think Tank Index Report զեկույցում՝ 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը:

Կենտրոնում շարունակվում են թեմատիկ հետազոտությունները: Այս պահին իրականացնում ենք «ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում» թեմայով հետազոտություն՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի եւ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ:

Շուտով «Ամբերդ» կենտրոնը հանդես կգա նաեւ երկամսյա նոր տեղեկագրով, առաջին համարը լույս կտեսնի նոյեմբերի վերջին, որտեղ ամփոփված կլինեն բոլոր կարեւորագույն տնտեսական իրադարձությունները: Տեղեկագիրը կլինի գիտահանրամատչելի՝ ուղղված ավելի լայն հանրությանը:

Բացի այդ, Տնտեսագիտականում ձեւավորվել է fundraiser-ների թիմ, որոնք կդիմեն տարբեր միջազգային հիմնադրամներին՝ հետազոտական նոր ծրագրերում ներգրավվելու համար, ինչը կնպաստի բուհի ե՛ւ միջազգայնացմանը, ե՛ւ գիտահետազոտական աշխատանքների խորացմանը: Բայց ամենակարեւոր ծրագիրը, որը մեր համալսարանը նախատեսում է իրականացնել հետազոտական գործունեության խթանման եւ դասախոսների մոտ մոտիվացիայի բարձրացման առումով, հետեւյալն է՝ գալիք ուսումնական տարվանից դասախոսների ուսումնական բեռնվածությունները կազմելիս հաշվի կառնվեն դասախոսների այն աշխատությունները, որոնք տպագրվելու են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում եւ ըստ դրա՝դասախոսների լսարանային ժամերը կվերափոխվեն արտալսարանային ժամերի: Այսինքն՝ եթե դասախոսը տարվա ընթացքում կարողանում է հետազոտություն կատարել եւ տպագրվել բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, նա հնարավորություն է ունենում դրա հաշվին ավելի քիչ լսարանային ժամ ունենալ:

Նախ, սա դասախոսներին տալիս է հետազոտություններով զբաղվելու ազատ ժամանակ, մոտիվացիա է ստեղծում այն առումով, որ այդ գործունեության համար նրանք կվճարվեն եւ ամենակարեւորը՝ այս մոտեցման շնորհիվ մենք կկարողանանք դասախոսներին լոկ դասախոս լինելուց վերածել հետազոտողի:

Ինչ վերաբերում է միջազգայնացմանը, ապա ինտենսիվ աշխատում ենք օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, բուհն ակտիվորեն ներգրավված է «Էրազմուս+»-ի ծրագրերում, աշխատում ենք ներգրավվել նոր հիմնադրամներում՝ Վիզեգրադյան ծրագրում, Հորիզոնում 2020-ում, բազմաթիվ համագործակցության պայմանագրեր են կնքվել արտասահմանյան գործընկերների հետ:

Այս պահին թիրախավորել ենք նաեւ ռուսական եւ չինական շուկաները, որոնք մինչ այժմ մեզ համար ավելի քիչ են հասանելի եղել:

Առաջին անգամ Տնտեսագիտական համալսարանն այս տարի ներգրավվել է Ժան Մոնեի ծրագրում, նոյեմբերի վերջին ծրագրի բացումն է: Նպատակն է ՀՊՏՀ միջազգային տնտեսագիտության մագիստրոսական ծրագրում ներդնել ԵՄ տնտեսությանը, քաղաքականությանը եւ վարչարարությանը վերաբերող 3 նոր դասընթաց:

Դիանա Գալոյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը
Դիտում՝ 20797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW