Աշխատանքի տոնավաճառը միավորել է 50 գործատուի եւ 3500 աշխատանք փնտրողի

25.10.2019 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #աշխատանքի տոնավաճառ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում այսօր կայացել է Աշխատանքի տոնավաճառ:

Այն կազմակերպել էր ՀՊՏՀ-ն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ:

Նախաձեռնությանն աջակցում էր նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

«Միջոցառումը լայն արձագանք էր գտել հասարակության շրջանում եւ ՀՊՏՀ էին այցելել շուրջ 3500 աշխատանք փնտրողներ, որոնց գերակշիռ մասը՝ երիտասարդներ: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին 50-ից ավելի ՀՀ առաջատար առեւտրային բանկերի, վարկային եւ ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցության ոլորտի, հյուրանոցային բիզնեսի եւ այլ ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գեղեցիկ ձեւավորված տաղավարներում ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը, այցելուներից վերցնում CV-ներ, վարում հարցազրույցներ:
 
Աշխատանքի տոնավաճառում ներկայացված էին նաեւ Էրազմուսի ազգային, Երեւանում DAAD տեղեկատվական գրասենյակները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, ինչի շնորհիվ տոնավաճառի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտերկրում ուսանելու հնարավորություններին: Բացի այդ, Աշխատանքի տոնավաճառին ներկայացված էր նաեւ ՀՊՏՀ-ն՝ որպես գործատու. համալսարանի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման, միջազգային կապերի, շարունակական կրթության եւ վերապատրաստումների բաժինների աշխատակիցները ներկայացնում էին ինչպես համալսարանում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, այնպես էլ Erasmus+ եւ կրթաթոշակային տարբեր ծրագրերին դիմելու հնարավորությունները, համալսարանում ներկայումս կազմակերպվող կարճաժամկետ դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն»,- նշել են ՀՊՏՀ-ում:
 
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն ընդգծել է, որ միջոցառումն աննախադեպ է իր մասնակից կազմակերպությունների եւ այցելուների թվով:

Բուհի ղեկավարը նշել է, որ կրթություն-աշխատաշուկա կապի սերտացմանն ուղղված միջոցառումները ՀՊՏՀ-ում շատ են կարեւորվում եւ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն նոր ծրագրեր, որոնց նպատակն է վեր հանել գործատուների պահանջարկը եւ ՀՊՏՀ-ում իրականացվող կրթության որակի բարձրացման միջոցառումները համապատասխանեցնել գործատուների կարիքներին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանն էլ ընդգծել է, որ այս տոնավաճառը յուրահատուկ է նրանով, որ գործատուները աշխատանք փնտրողներին ներկայացնում են հիմնականում ՀՊՏՀ մասնագիտություններին համապատասխան թափուր աշխատատեղեր:  

Այնուհետեւ ՀՊՏՀ մեծ դահլիճում Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները եւ ՀՊՏՀ ուսանողները եւ շրջանավարտները մասնակցել են զրույց-ներկայացումների:
Դիտում՝ 8994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW