Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը, որը միտված է տնտեսական դիվերսիֆիկացիայի մեծացմանը եւ բոլոր հայերի համար տնտեսական աճից օգտվելու ապահովմանը: «2018 թ. Հայաստանը դարձել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, սակայն երկիրը կանգնած է զարգացման մի շարք մարտահրավերների առաջ, ներառյալ՝ տնտեսության խիստ կախվածությունը ապրանքներից, տեւական աղքատությունը, կանանց 50%-ից ցածր մասնակցությունն աշխատուժին: Հայաստանի համար 2019–2023թթ. երկրի գործընկերության նոր ռազմավարության շրջանակում ԱԶԲ-ն կկարեւորի ներդրումներն առաջնահերթ ենթակառուցվածքներում, կարեւորագույն հանրային ծառայությունների բարելավումը եւ ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման խրախուսումը: Ինստիտուցիոնալ կարողության հզորացումը եւ կառավարման բարեփոխումներին աջակցությունը լինելու են համընդգրկուն առաջնահերթություն: ԱԶԲ-ի ռազմավարությունն ամբողջությամբ համապատասխանեցված է Հայաստանի կառավարության՝ ներառական, արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսության զարգացմանը եւ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության առաջատար կենտրոն՝ երկրի կայացմանը միտված երկարաժամկետ պլանին»,- ասված է ԱԶԲ-ի տարածած հաղորդակցությունում: «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է լուրջ առաջընթաց իր տնտեսության վերաբալանսավորման հարցում՝ ուղղված առավել դիմակայուն եւ էկոլոգիապես կայուն աճին: Այսօր, երբ հայերն իրենց հայացքն ուղղել են դեպի ավելի պայծառ ապագա, մեր գործընկերությունը կաջակցի կառավարության՝ ֆիսկալ պատասխանատվության հենքով առավել դիմակայուն տնտեսության կայացմանն ուղղված ջանքերին: Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու եւ մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու միջոցով սույն ռազմավարությունը կօգնի ապահովել որպեսզի բոլոր քաղաքացիները քաղեն շարունակական աճի պտուղները»,- նշել է ԱԶԲ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատին:Նոր ռազմավարության համաձայն՝ ԱԶԲ-ն կապահովի ճանապարհային ցանցի ներդրումների կայունությունը եւ կարագացնի ընթացիկ տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացումը: Էներգետիկայի ոլորտում ԱԶԲ-ն կաջակցի ենթակառուցվածքների բարելավմանը եւ կխրախուսի արեւային եւ քամու էներգիայի ավելի լայն օգտագործմանը: Դա կօգնի դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ կառուցվածքը եւ նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող գազից: «Հաշվի առնելով կայուն տնտեսական աճի հարցում մասնավոր հատվածի կարեւորությունը՝ ԱԶԲ-ն կխթանի մասնավոր ձեռնարկությունների մասնակցությունը ենթակառուցվածքային եւ սոցիալական ոլորտի ծրագրերին: Մենք ներդրում կկատարենք նաեւ երկրի ֆինանսական ոլորտում՝ աշխատատեղերի հիմնական աղբյուր եւ կառավարության համար գերակա առաջնահերթություն հանդիսացող փոքր եւ միջին բիզնեսների աճին օժանդակելու նպատակով: ԱԶԲ-ն ներդրումներ կկատարի նաեւ դպրոցներում՝ կրթության հասանելիության ընդլայնման եւ ուսուցման ավելի լավ արդյունքների ապահովման գործընթացում՝ հայաստանցիների երկարաժամկետ զբաղվածունակությունը բարելավելու նպատակով»,- ասել է Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի հարցերով ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ռաջեշ Վասուդեւան:Տարածաշրջանային համագործակցությունը եւ ինտեգրումը խթանելու նպատակով ԱԶԲ-ն կտրամադրի ֆինանսական միջոցներ եւ գիտելիքներ՝ աջակցելու տնտեսական միջանցքների զարգացմանը եւ սահմանային ենթակառուցվածքների բարելավմանը: Կստեղծվի Արեւմտյան Կովկասի նոր տնտեսական միջանցք, ինչի նպատակն է օգնել Հայաստանին լավագույնս օգտվել իր ռազմավարական դիրքից՝ որպես նախընտրելի կապակցող օղակ Եվրասիական տնտեսական միության (որի անդամ է այն հանդիսանում) եւ արեւմուտքից՝ Եվրոպական Միության միջեւ: Այս պլանով շեշտադրվում է գենդերի ինտեգրումը Հայաստանում ԱԶԲ-ի գործառնություններում, ներառյալ՝ հատուկ կրթակարգերը եւ առողջապահական ծառայությունները, որոնք նախագծված են կանանց եւ աղջիկների համար հասանելիությունն առավելագույնի հասցնելու նպատակով: Այն կաջակցի աշխատուժում կանանց ցածր մասնակցության հանգամանքը հետշրջելուն եւ աղջիկների համար դպրոցից աշխատանք անցումը բարելավելուն ուղղված կառավարության ջանքերին: ԱԶԲ-ի պլանում ուրվագծվում է կայուն աջակցություն կառավարության ներդրումներին տեխնոլոգիայում, այդ թվում՝ օգնելով ներմուծել արհեստական բանականություն քաղաքային հատվածում: Բացի այդ, այն կաջակցի երկրի արագ զարգացող թվային տեխնոլոգիաների ներդրմանը եւ նորարարական էկոհամակարգերին՝ կառավարության, ուսումնական շրջանակների եւ արդյունաբերության միջեւ գործընկերություններ հաստատելու միջոցով: Հաշվի առնելով սփյուռքում՝ ըստ հաշվարկների 8 միլիոն հայ ունենալու հանգամանքը, կառավարությունը բարգավաճող ներքին տեխնոլոգիական ինդուստրիան դիտարկում է նաեւ որպես կապ հաստատելու միջոց արտասահմանում գտնվող իր քաղաքացիների հետ եւ որպես գրավիչ ճյուղ տուն վերադառնալու եւ աշխատելու համար: ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ աշխատել է սկսած 2005 թվականից, եւ հանձնառել 1.46 միլիարդ դոլարի չափով 31 վարկ, ներառյալ՝ 11 վարկ մասնավոր հատվածի համար: ԱԶԲ-ն հանձնառել է նաեւ 14.9 միլիոն դոլարի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: 2019 թ. հունիսի 30-ի դրությամբ ԱԶԲ-ի ակտիվ պորտֆելը կազմված է եղել 13 հանրային եւ մասնավոր հատվածների համար նախատեսված վարկերից, որոնց ընդհանուր գումարը կազմում է 809.8 միլիոն դոլար:ԱԶԲ-ն հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն եւ կայուն Ասիա եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ միաժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: 2018 թ. այն ստանձնել է 21.6 միլիարդ դոլարի չափով վարկերի եւ դրամաշնորհների հանձնառություններ: Հիմնադրվելով 1966 թվականին՝ այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից: Tweet Դիտում՝ 4924