Երեւանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ ընտրվել է նախնական որոշակի քանակի նույն՝ թե ֆինանսական, թե տեխնիկական մոդելով վերելակների տեղադրում՝ համայնքի միջոցների հաշվին:20 վերելակ՝ 10 վարչական շրջաններում: Այս պահին իրականացվում է հին վերելակների ապամոնտաժումը:«Մրցույթներն արդեն կայացել են, պայմանագրերը կնքված են, վերելակների մատակարարումն սկսված է: 12 վերելակ մատակարարներն արդեն ներկրել են, եւս 8-ը ճանապարհին է»,- նշել է Հայկ Սարգսյանը:Փորձնական ծրագրի արժեքը 20 վերելակների համար շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվում է ամբողջական նախագծով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: Երեւանում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է փոխարինվեին: «Ֆոնդի ամբողջական փոխարինումը կատարվելու է փոխառու միջոցների հաշվին, եւ դրանք պետք է մարվեն տարիների ընթացքում: Վճարները կավելանան ոչ էականորեն՝ համեմատած այն ծառայության ու ապրանքի հետ, որ կստանա բնակիչը: Խոսքը կարող է լինել առավելագույնը 30-40%-ի մասին: Որպեսզի մոդելի, այսպես ասած, «իդենտիկությունը» պահպանենք, նույն վճարների գանձման մեխանիզմը կկիրառենք: Այդ վճարները կգանձվեն, բայց համայնքը չի վերցնի այդ գումարը, այլ այն կտրամադրենք տվյալ շենքը սպասարկող համատիրությանը»,- ընդգծել է Երեւանի փոխքաղաքապետը:Նրա խոսքով՝ վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանվել. «Մենք տեխնիկական բնութագրերում խստորեն ներառեցինք դրանց ներառականության բաղադրիչները, ընդ որում, կուրություն ունեցող անձանց համար ընթեռնելի սեղմակների տառատեսակները, ձայնային համակարգը, անվտանգության կանչի համակարգը, ինչպես նաեւ սեղմակների համապատասխան բարձրության ապահովումը, որպեսզի դրանից կարողանան օգտվել նաեւ սայլակով մարդիկ, դռների բացվածքը նույնպես աշխատել ենք, որ այդ սահմանաչափում լինի»:20 վերելակների տեղադրումն ամբողջությամբ կավարտվի մինչեւ տարեվերջ: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը՝ Երեւանի քաղաքապետարանը 2020թ. նախատեսում է վթարավտանգ եւս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվելու են հաջորդ տարվա բյուջեով: Tweet Դիտում՝ 1293