Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Հայբիզնեսբանկի աջակցությամբ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում տեղի է ունեցել «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը:Բանկում նշել են, որ փառատոնը մեկնարկել է Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարումներով եւ ամփոփվել ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուեւի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:Մինչեւ փառատոնի ավարտը՝ շուրջ մեկ շաբաթ, փառատոնի բոլոր մասնակիցներն ապրել են ուջանցիների տներում՝ այդ կերպ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ճանաչել հայկական մշակույթն ու կենցաղը: Մինչեւ սեպտեմբերի 20-ն Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում տեղի են ունեցել բացօթյա կինոցուցադրություններ: Բացի այդ, փառատոնի բոլոր ֆիլմերը ցուցադրվել են Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում:«Փառատոնի բացման արարողությանը ներկա էին նաեւ Հայբիզնեսբանկի աշխատակիցները եւ ղեկավար անձիք, որոնք սիրով շրջել են հյուրընկալ Ուջան գյուղում, ծանոթացել փառատոնի կազմակերպիչների հետ եւ դիտել ցուցադրվող ֆիլմը»,- ասված է հաղորդագրությունում:Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված էին 9 կարճամետրաժ եւ 11 լիամետրաժ կինոնկար 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից եւ այլն: Փառատոնի հաղթողները հայտարարվել են սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, եւ պարգեւատրվել հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը ցուցադրվել են «Մոսկվա» կինոթատրոնում:«Հայբիզնեսբանկն աջակից է մշակութային միջոցառումներին եւ դրանց կատարմանը, ինչպես նաեւ մշտապես Հայաստանում մշակույթի զարգացմանը նպաստող ծրարերի կողքին է»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 1411