ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը հանդիպել են մարզպետարանների գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետերի հետ՝ գյուղատնտեսական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով։Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ մասնակիցները գյուղոլորտում առավել արդիական խնդիրների թվում, մասնավորապես, նշել են առաջնային սերմնաբուծության զարգացման, հանրապետության տարածքում արտադրված՝ բարձր որակ ապահովող սերմացուների ծավալների ավելացման, վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման եւ թունաքիմիկատների որակի վերահսկման, գյուղմթերքի պահեստավորման եւ փաթեթավորման կետերի, ինչպես նաեւ լոգիստիկ կենտրոնների հիմնման կարեւորությունը: Անասնաբուժության ոլորտում ընդգծվել է համայնքները սպասարկող անասնաբույժների հաստիքների ավելացման եւ անասնաբուժական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն առնչվող հարցեր:Առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում պետական օժանդակության շրջանակներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ծրագրերի իրականացման ընթացքին եւ արդյունավետությանը: Մարզպետարանների ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների թվում էր նաեւ ոռոգման ջրի սակավությունը, ինչը որոշ մարզերում լուրջ խոչընդոտ է հանդիսանում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Tweet Դիտում՝ 1575