Երեւանում կբացվի Courtyard by Marriott բազմաֆունկցիոնալ հյուրանոցը

11.07.2019 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Courtyard by Marriott #Գալաքսի #Մարիոթ
«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը հայտարարել է Հայաստանում նոր ներդրումային ծրագրի մեկնարկի մասին. Երեւանում՝ Տերյան 5 հասցեում, 2020-ի վերջին շահագործման կհանձնվի Courtyard by Marriott հյուրանոցը։

«Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության ղեկավարներից Ռեյներ Զահաուն ասել է, որ սա Հայաստանի հետ գործակցությունն ամրապնդելու եւս մեկ առիթ է։

««Մարիոթ»-ի առաջին հյուրանոցը Երեւանում բացվել է 2004-ին, իսկ ես առաջին անգամ Հայաստան այցելել եմ 1999-ին, եւ այսօր ուզում եմ ասել, որ հիացած եմ այն բոլոր փոփոխություններով, որ տեսնում եմ ձեր երկրում»,- ասել է Ռեյներ Զահաուն։

Գուրգեն Խաչատրյանն ու Հայկ Մարությանը

Courtyard by Marriott բրենդի մուտքը Հայաստան ապահովել է «Գալաքսի» ընկերությունների խումբը։ «Գալաքսի»-ի եւ «Մարիոթ»-ի միջեւ կառավարման համաձայնագիրը կնքվել է դեռ 2017-ին եւ վավերացվել է հուլիսի 10-ին։

«Courtyard by Marriott-ը «Գալաքսի» ընկերությունների խմբի խոշոր նախագծերից է, որն ավարտին կհասցվի 2020-ի վերջին եւ բարձր աշխատավարձով կապահովի 120 նոր աշխատակցի»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը:

Նա մանրամասնել է, որ մեկ տարածքում հյուրանոց եւ բնակելի շենք կառուցելու գաղափարը ծնվել է 4 տարի առաջ, երբ հասկացել են, որ ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսները Հայաստանում ակտիվ զարգացման փուլում են։


Երկար ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացությանը, որ կարող են եւ պետք է աշխատեն «Մարիոթ»-ի հետ, որն այս ոլորտում լավագույն փորձն ունի։

«Ժամանակակից ճարտարապետությամբ շենք է լինելու, տեխնիկական եւ ճարտարապետական, ինժեներական նորագույն լուծումներով։ Մեզ համար հիմնական դժվարությունը բարձրահարկ շենքի համար հետաքրքիր ճարտարապետական լուծում գտնելն էր, ինչը, կարծում եմ, հաջողվել է։ Շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու, օգտագործել ենք տեղական շատ նյութեր, օրինակ՝ քարեր, տարածքին համահունչ լինելու համար»,- նշել է հյուրանոցի ճարտարապետությամբ զբաղվող «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթյուարթ Ռաֆը։


Հյուրանոցը բաղկացած է լինելու 173 սենյակներից եւ 75 բնակարանից։ Ներառելու է բազմապիսի ծառայություններ՝ սրճարանից մինչեւ մարզասրահ։


«Հյուրանոցի սկզբնական հարկերը զբաղեցնելու են հյուրանոցային համարները, վերեւի հարկերում տեղակայված են լինելու բնակարանները։ Երեւանի համար բացառիկ՝ 4-հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի է գործելու, հանդիպումների 4 սրահ։ Հյուրանոցային համարները կառուցվել են Marriott Courtyard-ին համապատասխան»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Բիզնեսի զարգացման տնօրեն Հայկ Լորիկյանը:

Լուսին Մկրտչյան
Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 6619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW