Երեւանում կայացել է Fiat Chrysler Automobiles կորպորացիայի մեքենաների շնորհանդեսը

04.07.2019 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fiat Chrysler Automobiles #Մայքլ Աղիլի
Հունիսի 28-ին, 29-ին եւ 30-ին Վերին Անտառային 138/2 հասցեում տեղի է ունեցել «Ֆայն Քարս օֆ Արմենիա» (Fine cars of Armenia) ընկերության ավտոսրահի բացման արարողությունը։

Ի թիվս բարձրաստիճան հյուրերի, ներկա էին Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Fiat Chrysler Automobiles Group (FCA) ընկերության տարածաշրջանի տնօրեն Ֆաբրիցիո Ֆորեոն եւ Հայաստանի «Ֆայն Քարս օֆ Արմենիա» գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Աղիլին։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ավտոսրահը Fiat Chrysler Automobiles ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ հանդիսանում է Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ ցուցասրահը, որտեղ միաժամանակ մի քանի բրենդներ են ներկայացված՝ Jeep, Alfa Romeo, Fiat, Fiat Professional, Chrysler, Dodge եւ RAM: Fiat Chrysler Automobiles գրուպի կարգախոսն է «դիզայն, կատարողականություն, հարմարավետություն եւ մատչելիություն»։


«Ֆայն Քարս օֆ Արմենիա»  ընկերություն հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մայքլ Աղիլին քաջ ծանոթ է հայկական շուկային դեռ 1994 թվականից ի վեր, սակայն վերջին քաղաքական փոփոխություններն էին, որ, լավատեսությամբ լցնելով իրեն եւ իր գործընկերներին, դրդեցին այսպիսի ծանրակշիռ ներդրումներ կատարել հայկական շուկայում։

«Հայկական ավտոմոբիլային շուկան կարող է շատ փոքր թվալ ոմանց համար, սակայն Հայաստանում 1000 հոգուց մոտ 150-ը մեքենա ունեն: Հայաստանը մեծ ներուժ ունի այս առումով, սակայն այն, ինչ ինձ հիացնում է Հայաստանում, հետխորհրդային տարիներին անգամ՝ մարդկային ռեսուրսն է։ Ընկերության նպատակն է յուրովի սպասարկել հայ սպառողին, առաջարկել շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնող մոդելներ եւ ընտրության հնարավորություն տալ մեր հաճախորդներին՝ առաջարկելով մոդելներ, որոնք հասանելի են թե միջին կարգի, եւ թե շքեղություն նախընտրող հաճախորդներին»,- ասել է Մայքլ Աղիլին:

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը ներկրելու է միմիայն Եվրո6 ստանդարտի մոդելներ, որոնք CO2 արտանետումների ծավալը հասցնում են նվազագույնի եւ համապատասխանում են անվտանգության ամերիկյան եւ եվրոպական ամենաբարձր չափանիշներին։ Ընկերությունը տրամադրելու է բարձրակարգ սպասարկում եւ հետվաճառքային ծառայություն, որը ներառում է տեխնիկական, էլեկտրական մասերի հետ կապված խնդիրների բազմապիսի լուծումներ ավտոսրահին կից տեղակայված սպասարկման կետում։


«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը նաեւ ստեղծելու է ավտոմոբիլներ ներմուծողների ասոցիացիա` կառավարությանը ներկայացնելու այս ոլորտի համար հույժ կարեւոր նշանակություն ունեցող պետական ներմուծման վերաբերյալ նախագծեր։ Այսպիսով, ընկերությունը ձգտում է ստանդարտացնել տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան, պահպանել անվտանգության միջազգային չափանիշները եւ պաշտպանել սպառողների շահերը։

Եվս մեկ առավելություն է հանդիսանալու ֆինանսական եւ լիզինգային ծառայությունների մատուցումն անմիջապես ավտոսրահի տարածքում: Ֆինանսական ծառայությունները մատուցվելու են մեկ պատուհանի սկզբունքով երկու ժամվա ընթացքում։ Ընկերությունը ֆինանսական ծառայությունների հասանելիությամբ նպատակ է հետապնդում նվազեցնելու Հայաստանում օգտագործված եւ անվտանգության չափանիշներին չհամապատասխանող մեքենաների առք ու վաճառքը։

Ընկերությունը նաեւ տրամադրելու է ոստիկանության համար նախատեսված Dodge Charger Pursued մոդելը, որի վառելիքային ծախսը չի գերազանցելու 11.8 լիտրը ամենածախսատար իրավիճակներում։


«Եթե հնարավոր է փրկել կյանքեր, ապա դա է առաջնայինը»,- նշել է Մայքլ Աղիլին՝ անդրադարձ կատարելով անցյալ տարվա ողբերգական ավտովթարին, որը խլեց 2 ոստիկանի կյանք։

«Այս մոդելն ամենաշատն է օգտագործվում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից. այն ունի դիմային եւ կողային անվտանգության բարձիկներ եւ մեքենայի վերեւի մասում ներկառուցված խաչաձեւ ձողակառույցներ, որոնք ամենածանր վթարների դեպքում անգամ զգալիորեն բարձրացնում են ուղեւորների անվտանգությունը»,- հավելել է նա:

Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթն ուղղված է լինելու Հայաստանում բազմակի սկլերոզի հետազոտությանն ու բուժմանը եւ հատուկ կարիքներով անձանց սպասարկող հաստատությունների տեխնիկական վերազինմանը:
Դիտում՝ 5658
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW