Արեւային համակարգեր՝ Երեւանի 90 շենքերի տանիքներին

02.07.2019 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#արեւային համակարգ #ԵՄ #Տիգրան Սարգսյան
Երեւանի քաղաքապետարանը Եվրամիության աջակցությամբ այս տարի կիրականացնի 90 շենքի տանիքներին արեւային համակարգերի տեղադրման ծրագիրը:

Քաղաքապետարանում նշել են, որ առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են եւ նախատեսված 45-ի փոխարեն կլինի 50 շենք:

«Արեւային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաեւ շենքերի միջհարկային եւ բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ կտեղադրվեն նոր էներգախնայող լեդ լուսատուներ»,- հայտնել է  քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Սահմանված չափորոշիչների համաձայն՝ ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ եւ արեւկող տանիքներով:

Համակարգը բնակիչներին կծառայի առնվազն 25 տարի։

«Նախատեսվում է նաեւ շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

«Երեւան՝ արեւային համայնք» ծրագիրն ունի նաեւ բնապահպանական նշանակություն:

«Ծրագիրը կարեւոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

Այժմ ծրագիրը մրցութային փուլում է: Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ եւ մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները: 
Դիտում՝ 4019

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW