Հայէկոնոմբանկն ամփոփել է 2018-ի արդյունքները

14.06.2019 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Արամ Խաչատրյան #Սարիբեկ Սուքիասյան
Հայէկոնոմբանկը 2018-ն ամփոփել է հիմնական ցուցանիշների զգալի աճով՝ «ապահովելով բանկի շարունակական կայուն զարգացումը եւ անցումը գործունեության որակապես նոր մոտեցումների»:

Բանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը ներկայացրել է հաշվետու տարում բանկի հիմնական ցուցանիշների դինամիկան՝ նշելով, որ բանկի ակտիվներն աճել են 16%-ով՝ կազմելով 221 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 190 մլրդ դրամի դիմաց, բանկի հաճախորդներին տրված վարկերն աճել են 28%-ով` կազմելով 133 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 104 մլրդ դրամի դիմաց։

Բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 4,5%-ով` կազմելով 95,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 91,7 մլրդ դրամի դիմաց, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 20%-ով՝ կազմելով 51 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 42 մլրդ դրամի դիմաց:

Ընդհանուր կապիտալն աճել է 13,7%-ով՝ հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման եւ ձեւավորված շահույթի հաշվին (վերջինս աճել է 34%-ով՝ կազմելով 2,.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 1,5 մլրդ դրամի դիմաց)` կազմելով 33 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 29 մլրդ դրամի դիմաց:

2019-ին բանկն իր կանոնադրական կապիտալը համալրել է 3,37 մլրդ դրամով, եւ ներկա պահին նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 35 մլրդ դրամ։

«Հարկ է նշել, որ բանկի արհեստավարժ մասնագետների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատման շնորհիվ վարկային պորտֆելը պահպանում է ավանդական բարձր որակը, եւ խնդրահարույց վարկերը կազմում են պորտֆելի ընդամենը 1%-ը (բանկային համակարգում տվյալ ցուցանիշը միջինում կազմում է 4,5%)»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկում 2018-ի ձեռքբերումներից առանձնացրել են Mobile Banking համակարգի գործարկումը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու:

«Խոսվեց նաեւ 2018-ի ընթացքում միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության մասին, կարեւորվեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակներում «Կանայք բիզնեսում» ծրագրով վարկերի տրամադրումը, ինչի հաջող ընթացքն իրականացվեց ՎԶԵԲ տեխնիկական աջակցությամբ:

Բանկն առաջինն էր, որ հայաստանյան բանկային համակարգում ներդրեց կանխավճարի ապահովագրությունը, որն «Ազգային Հիփոթեքային Ընկերության» եւ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկը դարձրեց առավել մատչելի սպառողին՝ շնորհիվ վճարվող ցածր կանխավճարի չափի»,- նշված է հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն անդրադարձել է շահաբաժինների վճարմանը եւ բարեգործական ծրագրերին, որոնք զարգացմանը զուգահեռ մշտապես դիտարկվում են որպես առաջնահերթություն:

Նա նշել է, որ բանկի հաջողությունը հնարավոր է դարձել նաեւ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության եւ ռիսկերի կառավարման ճշգրիտ եւ արդյունավետ համակարգերի կիրառման շնորհիվ, վստահեցրել է, որ բանկը շարունակելու է անշեղորեն իրականացնել իր ռազմավարական ծրագիրը՝ ապահովելով կայուն զարգացումն ու առաջընթացը՝ որպես վստահելի եւ կանխատեսելի ֆինանսական կառույց:

2019-ի հունիսի 13-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը կազմում է 37,8 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 34,9 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 243,4 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 154,2 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները՝ 56,5 մլրդ դրամ, շահույթը՝ 947,1  մլն դրամ:

Բանկն ունի 53 մասնաճյուղ, ներառյալ՝ Գլխավոր գրասենյակը Հայաստանում եւ Արցախում:
Դիտում՝ 3994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW