ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետը նշել է՝ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն, եւ հանդիպումը լավ հնարավորություն է՝ համագործակցության ընթացքը եւ հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունը շահագրգռված է այդ գործընթացում ներգրավված գործընկերների, այդ թվում՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ փոխգործակցության զարգացմամբ, որը կնպաստի կենսաթոշակային բարեփոխումների հաջող իրականացմանը, ինչպես նաեւ կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:Բերնար դը Վիթը նշել է, որ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ եւ պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական բաղադրիչների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել կապիտալի շուկայի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Tweet Դիտում՝ 2384