Վարչապետը խոսել է Հայաստանի տնտեսական 4 գերակայությունների մասին

21.01.2019 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ցյուրիխ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ հանդիպմանը ներկայացրել է տնտեսության ոլորտում Հայաստանի կառավարության մշակած գերակայությունները:

1. Արդյունաբերություն. կենսատեխնոլոգիա եւ դեղագործություն

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է արտադրական ոլորտում մրցունակության բարձրացմանը:

Մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել բոլոր ոլորտներում գործարարների հետ, որպեսզի բացահայտենք մրցունակության խոչընդոտները՝ անհրաժեշտության դեպքում համադրելով հասարակության եւ մասնավորի ջանքերը:

Մրցունակ լինելու համար մենք պետք է ինտեգրենք նորարարական տեխնոլոգիաներ արդյունաբերական գործընթացներում: Բարձր տեխնոլոգիաները կծառայեն որպես արդյունաբերական զարգացման խթան եւ համակողմանի աճի գրավական:


Դա ապահովելու համար մենք ծրագրում ենք.

ա. Արդյունաբերական արդիականացման գործիքի ստեղծում. դա կարող է ներառել ազատ տնտեսական գոտիների ստեղծում` դեղագործության, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ու կենսանվտանգության ոլորտներում ներդրումների համար:
բ. Կառավարության եւ գործարար համայնքի միջեւ երկխոսության հարթակի ստեղծում:
գ. Հմտությունների զարգացում եւ ստեղծագործական աջակցություն: Թիրախային ուղղություններից են զարդագործությունը, ադամանդագործությունը եւ ժամագործությունը:
դ. Բիզնեսի համար բարենպաստ հարկային եւ կարգավորիչ միջավայրի ապահովումը:
ե. Արտահանողների աջակցությունն արտաքին շուկաներում ներկայացվածության բարելավման եւ լոգիստիկ խոչընդոտների վերացման միջոցով:

Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների եւ ինժեներական ոլորտներում: Կառավարությունը հանձնառու է այդ ներուժի ավելացմանը` դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում STEM ուսումնական առարկաների դասավանդմամբ, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնների եւ գերազանցության կլաստերների ստեղծմամբ եւ շահագործմամբ:

Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ 2018 թվականին «Թումո»-ն մասնաճյուղեր է բացել Ստեփանակերտում եւ Փարիզում: Գերմանիայի եւ Ռուսաստանի մասնաճյուղերն ընթացքի մեջ են:

2. Գյուղատնտեսություն, վերամշակված սնունդ եւ խմիչքներ

Հայաստանի տնտեսության 15 տոկոսը գյուղատնտեսությունն է, եւ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Ագրարային ոլորտի ապագան կախված կլինի ուժեղ ավանդույթների եւ նորարարության միաձուլումից:

Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության ոլորտի խոշորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն առաջնային է լինելու մեր կառավարության համար: Օրգանական գյուղատնտեսությունը եւ այնպիսի ինտենսիվ մեթոդների լայն կիրառումը, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, կխթանեն այս ոլորտի զարգացումը:


Գինեգործությունը հատուկ դեր է խաղում մեր մշակույթի մեջ: Հայաստանը 6000 տարվա գինեգործության փորձառություն ունի, եւ այդ միտումը շարունակվում է առայսօր: 2017 թվականին գինեգործության ոլորտն աճեց շուրջ 80 տոկոսով:

3. Զբոսաշրջություն

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու աշխարհին: Կարեւորներից է մեր մշակույթը: Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս համաձայն ենք, որ մշակույթը ճանաչելու լավագույն միջոցն ուղիղ շփումն է: Դրա համար էլ զբոսաշրջության ոլորտը զարգանում է, եւ աճի մեծ ներուժ ունի: Բացի այդ, աճող զբոսաշրջային հատվածն ունի տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավման ամենաբարձր ներուժը՝ հաշվի առնելով, որ կան բազմաթիվ հաջողված փորձեր խոշոր քաղաքներից դուրս:

Այս նպատակով մենք պատրաստվում ենք՝

ա. բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային վայրերի, ինչպես նաեւ մարզերում փոքրածավալ հյուրանոցների մասին իրազեկության մակարդակը:
բ. Զարգացնել էկո եւ գաստրո զբոսաշրջությունը:
գ. Ընդլայնել տրանսպորտի եւ ենթակառուցվածքի ցանցը, որը հնարավորություն կտա մատչել հեռավոր շրջաններ:
դ. Նվազեցնել ճանապարհորդության ֆինանսական եւ ժամանակային ծախսերը Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

4. Ենթակառուցվածքներ

Մարդկանց, հմտությունների եւ գիտելիքի ազատ տեղաշարժը մեր սահմաններում եւ դրանից դուրս ապահովելու նպատակով կառավարությունն իրականացնում է տրանսպորտի եւ ենթակառուցվածքի բարելավման երկարաժամկետ ծրագիր:

Էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացման կարեւորությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Հայաստանի համար դա ոչ միայն տնտեսական անհրաժեշտության հարց է, այլ նաեւ ռազմավարական հրամայական:

Մենք դրան նայում ենք որպես մի խնդիր, որը կարող է լուծվել տեսանելի ապագայում, քանի որ Հայաստանը վերականգնվող էներգիայի արտադրության հսկայական ներուժ ունի:

Վերջին տարիներին արեւային էներգիայի ոլորտը զգալի զարգացում է ապրել, եւ Հայաստանն ընթանում է բնական պաշարների օգտագործման ճանապարհով, որպեսզի ավելացնի էլեկտրաէներգիայի սպառման մեջ արեւային էներգիայի արտադրության մասնաբաժինը:

Մենք գիտենք, որ չենք կարող միայնակ հոգալ մեր ենթակառուցվածքային կարիքները: Մենք կարիք ունենք մասնավոր հատվածի գիտելիքների եւ ռեսուրսների: Այսպիսով, կառավարությունը գործում է մասնավոր հատվածի հետ համագործակցության տառին եւ ոգուն համապատասխան:


Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին:
Դիտում՝ 4004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW