ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի կառավարության գերակայություններից մեկն է: «ԵԱՏՄ երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարեւորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի եւ արտաքին առեւտրի ներուժի վրա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որտեղ ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին:Նրա խոսքով՝ 2018թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15%: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22%-ով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը՝ 11,7%-ով: «Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման եւ համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը: Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ երկրների ինտեգրումը պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը եւ մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: «Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ եւ անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 2490