ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է, որ կառավարությունն իր գործիքակազմի միջոցով նպաստում է երկրում նոր էներգետիկ հզորությունների կայացմանը։ «Էլեկտրաէներգետիկայի շուկայի փուլային ազատականացման արդյունքում մինչեւ 2021 թվականը բոլոր էներգամատակարարների համար կստեղծվեն հավելյալ խթաններ, մրցակցային միջավայրի զարգացման եւ լրացուցիչ ներդրումների ներգրավման համար էլ ավելի մեծ հնարավորություններ կլինեն»,- դեկտեմբերի 3-ին հայտարարել է Տիգրան Ավինյանը «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովի ժամանակ։Նա ընդգծել է, որ կայուն էներգետիկայի խթանումը կառավարության կողմից ոչ միայն դիտվում է որպես անվտանգ, խելացի եւ մրցունակ տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլեւ մարդկային կյանքի որակի բարձրացման, Հայաստանի քաղաքացիների համար ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությունը եւ մատչելիությունն ապահովելու, երկրի եւ մոլորակի բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։ Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս նպատակով Հայաստանի կառավարությունը համակողմանի գործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, համատեղ ջանքերով կյանքի են կոչվում խոստումնալից ներդրումային ծրագրեր վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ոլորտներում, ինչպիսիք են՝ - արեւային եւ հողմային կայանների ներդրումային նախագծեր, - շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, - քաղաքային լուսավորության արդիականացման նախագծեր, - տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկաներին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք վերականգնվող էներգետիկայի համար կստեղծեն նաեւ արտահանման հնարավորություններ: Tweet Դիտում՝ 1769