Երեւանում քննարկում են «պատասխանատու զբոսաշրջության» խնդիրները

28.11.2018 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿՍՊ #Նազարեթ Սեֆերյան
Երեւանում այսօր անցկացվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) նվիրված «Պատասխանատու զբոսաշրջություն՝ սահմանումը եւ մարտահրավերները» խորագրով աշխատաժողովը։

Զբոսաշրջությունը ԿՍՊ-ի թիրախային ոլորտներից է։ Աշխատաժողովի նպատակն է զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների համար բացահայտել, թե որն է «պատասխանատու զբոսաշրջությունը» եւ այն խնդիրները, որոնք ԿՍՊ դաշտում են։


«Ուզում ենք հասկանալ եւ քննարկել, թե ինչպես տուրիզմը կարող է նպաստել երկրի զարգացմանը, ինչպես կարելի է զբոսաշրջության կազմակերպման ընթացքում պահպանել եւ ներկայացնել երկրի բնապահպանական արժեքները, տնտեսական արժեքներ ստեղծել, սոցիալական խնդիրներ լուծել։ Մենք փորձել ենք բացահայտել, թե ինչպես է այդ ամենը կապված տուրիզմի հետ»,- նշել է ԿՍՊ փորձագետ Նազարեթ Սեֆերյանը։

Նրա խոսքով՝ աշխատաժողովն օգնելու է հասկանալ՝ ինչպես անել, որ զբոսաշրջության հետեւանքով չխորանան թվարկված խնդիրները եւ ոլորտը դառնա խնդիրների լուծման բանալի։

Ավելի վաղ տուրիզմի թեմայով ԿՍՊ-ն նախաձեռնել էր նաեւ ֆոկուս քննարկում, որի ընթացքում մասնակիցները մատնանշել են հիմնական խնդիրները:


«Շատ գեղատեսիլ վայրերում, որտեղ որ ցանկանում ենք տուրիզմ զարգացնել, չկա էլեկտրաէներգիա, կան արեւային էներգիայի տարբերակներ, ինչն էլ թանկ է։ Մյուս խնդիրը ճանապարհներն են, որոշ մարզերում անգամ տարրական ճանապարհներ չկա, որոնցով հնարավոր լինի ուղեկցել զբոսաշրջիկին։ Մեկ այլ խնդիր է մարդկային ռեսուրսը։ Դժվարանում ենք մարզերում գտնել որակյալ կադրեր, որոնք հասկանում են հաճախորդի սպասարկման եւ պատասխանատու բիզնեսի կարեւորությունը»,- նկատել է Նազարեթ Սեֆերյանը։

Մատնանշած բոլոր խնդիրների շուրջ նախատեսվում են թիմային քննարկումներ։

Օրվա ավարտին մասնակիցները կներկայացնեն խնդիրների լուծման իրենց տարբերակները։

Աշխատաժողովը կազմակերպել է «ԿՍՊ Հայաստան» ՀԿ-ն՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացվող «ԿՍՊ խթանում Հայաստանի մասնավոր ընկերություններում» ծրագրի շրջանակում:

Նազարեթ Սեֆերյանը

Վերջինը միտված է Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանը։

ԿՍՊ ծրագրերի նպատակը երկխոսության խթանումն է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նպաստող՝ մասնավոր եւ պետական հատվածների միջեւ։

ԿՍՊ-ն սիներգետիկ ծրագրերի մտահղացման միջոցով նաեւ խթանում է մասնավոր ընկերությունների կարողությունների զարգացումը, պատասխանատու բիզնեսների գործընկերային ցանցի ձեւավորումը, վերջիններիս միջեւ փորձի, սոցիալական նորարարական գաղափարների քննարկումը, փոխանակումը։
Դիտում՝ 2738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW