Հայաստանում ակտիվացնում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

27.09.2018 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿՍՊ #Նազարեթ Սեֆերյան
Այսօր Երեւանում անցկացվել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) իրավական կողմերին նվիրված աշխատաժողով՝ նախատեսված հատուկ պետական հատվածի աշխատակիցների համար:

Տարբեր նախարարությունների ներկայացուցիչները ծանոթացել են, թե ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, ինչ դրսեւորումներ ունի այն տարբեր երկրներում, պետության կողմից դրա խթանման հնարավորություններին եւ մասնավորի հետ գործակցության հեռանկարներին։

Ծրագրի թիրախային ոլորտներն էին զբոսաշրջությունը, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները, ֆինանսական եւ հանրային ծառայությունների ոլորտները:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը այն խնդիրների լուծումն է, որոնք ազդում են բիզնեսի եւ հասարակության վրա։ Այնինչ, Հայաստանում ԿՍՊ ասելով՝ հասկանում են բարեգործություն»,- նշել է ԿՍՊ փորձագետ Նազարեթ Սեֆերյանը։


«Եթե կարողանանք որպես երկիր, կառավարություն, բիզնես, սպառող՝ հասկանալ, թե որոնք են այն խնդիրները, որ բոլորս կիսում ենք, եւ կիսում է նաեւ մասնավոր հատվածը, կկարողանանք ավելի արդյունավետ, ճիշտ եւ երկարաժամկետ լուծումներ գտնել։ Իսկ այդ լուծումները դրական կազդեն ընկերությունների վրա թե՛ բիզնեսի եւ թե՛ հասարակության վրա կյանքի որակի բարձրացման տեսանկյունից»,- հավելել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանում փորձում են ակտիվացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, եւ սկսել են իրազեկման մակարդակի բարձրացումից։

«Իրազեկումը պետք է բարձրացնել նաեւ սպառողի տեսանկյունից, որովհետեւ շատ երկրներում առաջին շարժիչ ուժը հենց սպառողն է եղել, որը պահանջել է բիզնեսից պատասխանատվության ավելի բարձր մակարդակ»,- նկատել է Նազարեթ Սեֆերյանը։

Աշխատաժողովը կազմակերպել է ԿՍՊ Հայաստան ՀԿ-ն՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացվող «ԿՍՊ խթանում Հայաստանի մասնավոր ընկերություններում» ծրագրի շրջանակում:
 


Ծրագրի գործողությունները միտված են՝

- Խթանել երկխոսություն ԿՍՊ զարգացմանը նպաստող պետական քաղաքականության, օրենսդրական դաշտի եւ այլ հարցերի շուրջ՝ մասնավոր եւ պետական հատվածների միջեւ:

- Խթանել մասնավոր ընկերությունների ԿՍՊ օրակարգերի ռազմավարությունների զարգացումը՝ ԿՍՊ ակումբների շրջանակում մասնագետների կարողությունների զարգացման, պատասխանատու բիզնեսների գործընկերային ցանցի ձեւավորման, վերջիններիս միջեւ փորձի, սոցիալական նորարարական գաղափարների քննարկան, փոխանակման, սիներգետիկ ծրագրերի մտահղացման միջոցով: Ծրագրի ընթացքում ընտրված 12 ընկերություն կստանան փորձագետի անհատական խորհրդատվություն:

- Իրականացնել ԿՍՊ թեմայի վերաբերյալ հանրային իրազեկում եւ հասնել այն հստակ գիտակցությանը, որ ԿՍՊ-ն բարեգործություն չէ:
Դիտում՝ 5019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW