Երեւանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը։«ՀՀ կրթության զարգացման ռազմավարությունում նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը մեծ եւ կարեւոր դեր ունի, մասնավորապես, այն ընդգրկված է ռազմավարական ծրագրային հայեցակարգերում, ինչպես նաև հենակետային ոլորտ է հանդիսանում միջազգային համագործակցության շրջանակներում»,- ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Նա նշել է, որ «գործատուների հետ համագործակցության համատեքստում առանձնակի է նաեւ դուալ կրթության ներդրումը, որը շատ կարեւոր է շրջանավարտների գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների զարգացման տեսանկյունից»: «Այսօր մենք դուալ կրթության ներդրման լավ փորձ ունենք, որը շարունակական է լինելու եւ մենք մտածում ենք ՄԿՈւ այս փորձը ինչ-որ ժամանակ տարածել նաեւ բարձրագույն կրթության ոլորտի վրա»,- ասել է ԿԳ նախարարի տեղակալը: Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ դուալ ՄԿՈՒ-ն՝ հանուն կանաչ եւ ներառական տնտեսության, ՄԿՈՒ եւ թվայնացում, ընդհանրական հմտություններ՝ շարունակական կրթության համար եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացում: Միջոցառումը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)`Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ նոյեմբերի 29-ին: Tweet Դիտում՝ 2142