«Իդրամի» օգտատերերն արդեն հնարավորություն ունեն օգտվել սմարթֆոնով NFC անհպում վճարումներից։ Ընկերությունում նշել են, որ այս ծառայությունը հասանելի է «Իդրամի» այն օգտատերերի համար, որոնց IOS եւ Android օպերացիոն համակարգերով սմարթֆոնները հնարավորություն ունեն աշխատել NFC տեխնոլոգիայով։«Սա հայկական շուկայում սմարթֆոնների միջոցով NFC անհպում վճարումների տեխնոլոգիայի առաջին ներդրումն է։ Այս պահին պիլոտային ծրագիրն արդեն գործում է «Իդրամի» գործընկեր «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում»,- նշել է «Իդրամի» գլխավոր տնօրեն Արսեն Քդենյանը։Նա ընդգծել է, որ ինչպես QR-վճարումների դեպքում, որոնք «Իդրամը» գործարկել էր դեռեւս 2016թ., NFC տեխնոլոգիան եւս պատրաստվում են ներդնել սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտի գործընկերների մոտ։ «Այս տեխնոլոգիան մեր օգտատերերին հնարավորություն կտա ավելի պարզեցված ու արագ վճարումներ իրականացնել, ուղարկել վճարման հարցում կամ ստանալ գումարի վերադարձ (cashback)՝ անկախ վճարման եղանակից, իսկ առեւտրի կետերը կստանան անկանխիկ վճարումների եւս մեկ ժամանակակից գործիք»,- հավելել է նա: Արսեն Քդենյանը նաեւ ասել է, որ «Իդրամը» շարունակելու է զարգացնել անհպում վճարումների տեխնոլոգիաները՝ դրանք օգտատերերի ավելի լայն շրջանակի համար հասանելի եւ հարմարավետ դարձնելու համար։ Tweet Դիտում՝ 29639