Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանն ասել է, որ Հայաստանում արդեն 16 տարի է, ինչ բանկային դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել:Այս մասին նա նշել է Банковское обозрение ամսագրին տրված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի բանկային համակարգի տարբերություններին: «Առաջին տարբերությունն այն է, որ ՀՀ բանկային համակարգում չկան պետական բանկեր, այն ամբողջությամբ մասնավոր է: Այդ պատճառով առկա է թեժ մրցակցություն: Շուկայում կան միջազգային բանկեր («Էյչ-Էս-Բի-Սի», «ՎՏԲ», «Կրեդիտ Ագրիկոլ» եւ այլն), որոնց հետ տեղական բանկերն արդյունավետ կերպով մրցակցում են: Դրանց թվում է Ամերիաբանկը, որը մասնավոր բանկ է եւ արդեն մի քանի տարի շարունակ առաջատար դիրքեր է գրավում շուկայում: Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանում շատ ավելի խիստ է կարգավորումը, ինչի շնորհիվ վերջին 16 տարվա ընթացքում բանկային դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել: 90-ականների վերջը եւ 2000-ականների սկիզբը կարելի է բնորոշել որպես «մաքրման» շրջան, ինչի արդյունքում կարգավորումն էլ ավելի խստացվեց»,- ասել է Հովհաննես Խաչատրյանը:Նա ընդգծել է, որ ռուսաստանյանի համեմատ՝ հայաստանյան բանկային շուկան ավելի լիբերալ է, օրինակ՝ չկա արժույթի հսկողություն: «Բանկերի կողմից խոշոր կառավարական ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման բացակայությունը կարելի է դիտարկել թե՛ որպես դրական, եւ թե՛ որպես բացասական կողմ: Այսինքն, այս առումով, բանկերն ավելի պաշտպանված են ռիսկերից»,- ասել է Ամերիաբանկի ներկայացուցիչը:Անդրադառնալով տեխնոլոգիաներին՝ նա նշել է, որ ռուսական բանկային համակարգի առաջատարներն ավելի զարգացած են: «Այս առումով մենք նրանցից շատ սովորելու բան ունենք: Սա թերեւս բացատրվում է զանազան նորարարությունների նկատմամբ երկրի ղեկավարության, ինչպես նաեւ, առանձին դեպքերում, տարբեր բանկերի ղեկավարների առավել պահպանողական մոտեցմամբ»,- նշել է Հովհաննես Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 9113