Ամերիաբանկը ՓՄՁ վարկավորման նոր առաջարկներ է ներկայացրել
18.10.2018 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը հոկտեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ առաջարկներից մեկը վերաբերում է բիզնես վարկերի վերաֆինանսավորմանը, մյուսը՝ բիզնեսի ընթացիկ ծախսերի ծածկման նպատակով կարճաժամկետ վարկավորմանը:
Մասնավորապես, առաջին արշավի շրջանակում «բիզնեսը կարող է այլ բանկում ունեցած իր վարկը տեղափոխել Ամերիաբանկ՝ ավելի գրավիչ պայմաններով»: Ընդ որում, տեղափոխման հետ կախված բոլոր ծախսերը հոգում է բանկը:
Վարկի տեղափոխման դեպքում Ամերիաբանկն իր հաճախորդներին կտրամադրի վերաֆինանսավորվող վարկի 2%-ի չափով միանվագ գումար, որը «կարեւոր աջակցություն կլինի հաճախորդին՝ տարեվերջյան ամենաբուռն ժամանակահատվածի համար»:
Բացի այդ, առաջիկա 12 ամիսների ընթացքում բանկը հնարավորություն կտա մինչեւ 50%-ով կրճատել մայր գումարի մարման չափը՝ այդ ամիսներին թեթեւացնելով վարկերի սպասարկումը:
Վերաֆինանսավորման այս առաջարկը կգործի մինչեւ տարեվերջ:
Մյուս արշավի շրջանակում բանկը կտրամադրի բիզնես վարկեր՝ տարեվերջի ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար:
«Ամանորյա շրջանում բիզնեսը որոշակի լրացուցիչ միջոցների կարիք է ունենում: Այս արշավի շրջանակում ստացված վարկերը մինչեւ մյուս տարվա մարտի 1-ն ունենալու են չափազանց գրավիչ տոկոսադրույք, քանի որ կարճաժամկետ ժամանակահատվածի համար են նախատեսված եւ նպատակ ունեն ֆինանսավորելու բիզնեսի տարեվերջյան կարիքները»,- նշել է Արման Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ արշավի շրջանակում վարկերի համար մինչեւ 2019թ. մարտի 1-ը կգործեն դրամայինի դեպքում՝ 9,44%, դոլարայինի դեպքում՝ 6,94%, իսկ եվրոյով վարկերի համար՝ 5,3% տոկոսադրույք: Եթե մինչեւ մարտի 1-ը վարկն ամբողջությամբ մարվի, արտոնյալ տոկոսադրույքը կիրառվի ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ եթե հաճախորդը որոշի շարունակել վարկի սպասարկումը, մնացած ժամանակահատվածի համար կգործեն բանկի ստանդարտ, մրցակցային տոկոսադրույքները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: