Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանն ասել է, որ բանկային համակարգում առաջիկայում տոկոսադրույքի մակարդակի էական փոփոխություն չի ակնկալվում:Իր այս տեսակետը բանկի ներկայացուցիչը հայտնել է հոկտեմբերի 17-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով հայաստանյան շուկայում տոկոսադրույքների փոփոխման միտումները:«Կարճաժամկետում՝ առաջիկա 6 ամիսներին, տոկոսադրույքների մակարդակի էական փոփոխություն չենք ակնկալում: Ավելի երկար ժամկետի համար դժվար է կանխատեսումներ անել՝ կապված բազմաթիվ գործոնների փոփոխության հնարավորության հետ»,- նշել է նա:Արման Բարսեղյանն ընդգծել է, որ տնտեսական ակտիվությունն օգոստոսի դրությամբ եղել է բավական բարձր՝ 7,7%, իսկ տնտեսության ընդլայնումը, նրա խոսքով, ստեղծում է ֆինանսական ռեսուրսների նկատմամբ լրացուցիչ պահանջարկ: Միաժամանակ, վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր հիմնական միջազգային շուկաները տոկոսադրույքների որոշակի աճի միտում են գրանցել: Հայաստանի թողարկած եվրոբոնդերի տոկոսադրույքները եւս մոտ 0,5-0,75 տոկոսային կետով բարձրացման միտում են արձանագրել: Ըստ Արման Բարսեղյանի՝ այս միտումը որոշակի ժամանակային լագով հնարավոր է ազդեցություն ունենա հայաստանյան շուկայի վրա: Անդրադառնալով ԿԲ դրամավարկային քաղաքականությանը, որը կարող էր զսպող կամ ընդլայնող ազդեցություն ունենալ, բանկի ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017-ից ի վեր մնացել է անփոփոխ՝ 6% մակարդակում: Այսուհանդերձ, նա չի բացառել ԿԲ քաղաքականության մեջ փոփոխությունների հնարավորությունը: 25.09.2018 | 17:02 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է «Բանկային համակարգում կապիտալի նվազագույն շեմի բարձրացումից հետո տեղի ունեցավ կոնոսոլիդացիոն գործընթաց. այս առումով, սակայն, ներկայում նոր զարգացումներ չկան: Այսինքն՝ մրցակցության առումով մենք շուկայում ունենք նույն կառուցվածքը: Կարեւոր փոփոխություն է այն հանգամանքը, որ բանկերի մեծ մասը կապիտալն ավելացնելու արդյունքում ունեին կապիտալի եւ լիկվիդայնության ավելցուկ, որն արդեն բացակայում է»,- ասել է նա:Banks.am-ի հարցին, թե ինչպես կանդրադառնա քաղաքական, հետեւաբար՝ նաեւ տնտեսական նոր իրողությունը տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի վրա, Արման Բարսեղյանն էական ազդեցություն չի կանխատեսել՝ նշելով, որ գոնե տոկոսադրույքների բարձրացում իրենք չեն ակնկալում:«Մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները զգալի նեգատիվ ազդեցություն չեն ունեցել բանկային համակարգի վրա: Ավելին, թե կապիտալիզացիայի, թե ընդհանուր գործունեության մասով բոլոր իրավիճակները հաղթահարվել են առանց էական ցնցումների»,- նշել է նա: Բանկի ներկայացուցչի խոսքով՝ վերջին ամիսներին իրենք չեն նկատել անգամ ավանդների արտահոսք, որը կարող էր տեղի ունենալ՝ հաճախորդների մոտ հնարավոր անհանգստությունների հետեւանքով: Եղել են եզակի դեպքեր, որոնք ընդհանուր պատկերը չեն փոխել:«Սա ցույց է տալիս, որ երկրի ֆինանսաբանկային համակարգը ինստիտուցիոնալ առումով այնքան կայացած է, որ անգամ քաղաքական իրադարձությունները վճռական ազդեցություն չեն ունենում: Բավարար վստահություն ունենք նաեւ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւս որեւէ էական նեգատիվ ազդեցություն չեն ունենա համակարգի կայունության վրա»,- ընդգծել է Արման Բարսեղյանը: Tweet Դիտում՝ 3670