ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%:ԿԲ-ում նշել են, որ 2018թ. օգոստոսին գրանցվել է 0,6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3,3%:ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ թե՛ ընդհանուր եւ թե՛ բնականոն գնաճը գտնվել են ԿԲ կանխատեսած ցուցանիշների շրջանակում, եւ գնահատում, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը դեռեւս կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում։«Համաշխարհային տնտեսության աճի միտումներն ընթացել են սպասվածին համահունչ, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել է ավելի թույլ գնաճ: Միեւնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, չնայած կապիտալի միջազգային շուկաներում ֆինանսավորման պայմանների աստիճանական խստացմանը, դրա ազդեցությունը զարգացող երկրների ֆինանսական շուկաների տատանողականության վրա որոշակիորեն թուլացել է»,- ասված է հաղորդագրությունում: 09.04.2018 | 16:43 Ֆինանսական կայունությունը եւս դառնում է ԿԲ հիմնական նպատակ Խորհուրդն արձանագրում է, որ 2018թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է սպասվածից բարձր տնտեսական աճ՝ 8,3%, իսկ հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,7%՝ մեծամասամբ պայմանավորված ծառայությունների ոլորտի բարձր աճով: Միեւնույն ժամանակ, գնահատվում է, որ երրորդ եռամսյակում շարունակվող զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ փոխհատուցվում է պահպանվող մասնավոր ներդրումային ակտիվությամբ:«Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները եւ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միեւնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից խորհուրդը կարեւոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը՝ հետագայում դրա աստիճանական չեզոքացման պայմանով»,- ընդգծել են ԿԲ-ում:Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը: Tweet Դիտում՝ 2260