IDBank-ի աջակցությամբ կազմակերպվել է Ֆրենչայզինգի համաժողով

06.09.2018 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #ֆրենչայզինգ
Երեւանում ԱՄՆ դեսպանությունը եւ ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ IDBank-ի հետ համատեղ, սեպտեմբերի 5-ին կազմակերպել էին «Ֆրենչայզինգը Հայաստանում» մեկօրյա համաժողով:

«Կարեւորելով Հայաստանում ֆրենչայզինգի զարգացման հեռանկարներն ու ամերիկյան գործարարների հետ հայ ներդրողների կապերի ակտիվացումը՝ IDBank-ը, հովանավորելով ամերիկյան դեսպանության այս նախաձեռնությունը, նպատակ ունի աջակցել հայ ներդրողներին եւ ամերիկյան գործարարներին բացահայտելու Հայաստանում ֆրենչայզինգի գործունեության հնարավոր ոլորտներն ու համագործակցության հեռանկարները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:


Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Ամերիկյան երեք խոշոր կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի եւ Domino’s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարար եւ պետական պաշտոնյաներ։

Ամերիկյան կողմը ներկայացրել է ֆրենչայզինգի իր հայեցակարգը, տեղական հայտնի ընկերությունների ներկայացուցիչներն էլ խոսել են բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաեւ ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարեւորության մասին:

IDBank-ի Միջազգային առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Իննեսա Ամիրբեկյանը ներկայացրել է բանկերի կողմից ֆրենչայզների ֆինանսավորման լուծումներն ու հնարավորությունները:

«Բանկերը կարեւոր օղակ են հանդիսանում ֆրենչայզինգի ներդրման եւ զարգացման գործում, քանի որ, ինչպես դա ընդունված է համաշխարհային պրակտիկայում, բանկերը հատուկ մասնագիտացված բաժինների միջոցով ֆրենչայզինգի ոլորտում ներգրավված իրենց հաճախորդներին առաջարկում են ոչ միայն ֆինանսական ծառայություններ, այլ նաեւ բարձր մասնագիտական խորհրդատվություն եւ համագործակցություն։ Չնայած Հայաստանի բանկային համակարգում ֆրենչայզինգի ֆինանսավորման ծրագրեր դեռ չեն գործում, IDBank-ն առաջարկում է հատուկ լուծումներ այն գործարարներին, որոնք մտադիր են սկսել կամ ընդլայնել իրենց բիզնեսը ֆրենչայզինգի միջոցով»,- ասել է Իննեսա Ամիրբեկյանը։

Բանկում հիշեցրել են, որ նմանատիպ համաժողով կազմակերպվել է 2015-ին, որի արդյունքում Tutti-Frutti Frozen Yogurts-ը տեղի գործընկերների հետ ձեռք բերված ֆրենչայզինգի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանում հիմնել է ընկերության երկու կետ։
Դիտում՝ 6320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW