«Լիդիան ինթերնեյշնլը» ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին:Ընկերության հաղորդագրության մեջ ասված է. «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքում ճանապարհների անօրինական փակումը դեռեւս շարունակվում է՝ ազդելով շինարարության վրա։ Ընկերությունը հայտարարել է նաեւ, որ իր գլխավոր վարկատուները համաձայնել են երկարաձգել վարկերի սկզբնական մարման ժամկետը մինչեւ 2018թ․ օգոստոսի 15-ը՝ մինչեւ Ամուլսարի ծրագրի շինարարության եւ գործարկման ավարտի համար ֆինանսավորման գործիքների համապարփակ վերանայման գործընթացի ավարտը։ Ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով հունիսի վերջից Լիդիանն ու իր կապալառուները զրկված են Ամուլսարի տեղամաս մուտք գործելու հնարավորությունից։ Շրջափակումը դադարեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ուղղված ցուցարարներին անարդյունք է եղել։ Լիդիանն ու այլ շահագրգիռ կողմերը շարունակում են դիմել տեղական եւ պետական մարմիններին անօրինական գործողությունները դադարեցնելու պահանջով, ինչը թույլ կտա ընկերությանը վերսկսել շինարարությունը։ Մինչ այժմ պետական մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել այդ դիմումներին։ Հուլիսին Լիդիանը կառավարությանը տեղեկացրել է, որ շինարարական գործողությունների դադարեցման պայմաններում ի վիճակի չի լինելու իրականացնել ընթացիկ ծախսերը։ Կառավարության անգործությանն ի պատասխան, Լիդիանն ընկերության աշխատակազմի մոտ 30%-ին՝ 100 աշխատակիցների, ծանուցել է աշխատանքային պայմանագրերի դադարեցման մասին։ Աշխատակիցների փուլային կրճատումները կշարունակվեն մինչեւ խնդրի վերջնական լուծումը։ Շինարարության մեջ ներգրավված բոլոր կապալառու ընկերությունները գտնվում են պարապուրդի մեջ, ինչն իր հերթին բացասական հետեւանքներ է բերում կապալառուների եւս 1000 աշխատակիցների համար։ Ընկերությունը ներկայումս բանակցում է կապալառուների հետ՝ ծախսերի նվազեցման, եւ, շրջափակման դադարեցման դեպքում, շինարարական գործողությունների անհապաղ վերսկսման շուրջ։Ընկերության հաղորդագրությունը մեջբերում է Լիդիանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարելոյին.«Լիդիանը շարունակում է առաջնորդվել պատասխանատու հանքարդյունաբերության եւ թափանցիկության սկզբունքներով։ Ցավալի է, որ ներկայիս անօրինականության հետեւանքով տուժում են շրջակա համայնքները եւ ավելի քան 1300 աշխատողներ ու կապալառուներ։ Ընկերությունը եւ բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են կառավարությունից ակնկալել խնդրի շուտափույթ ու համարժեք լուծում։ Այս զարգացումների բացասական ազդեցությունը կրում են ծրագրի տարբեր շահագրգիռ կողմերը, ինչի պատճառով ուշացումներով պայմանավորված ֆինանսական բեռը թեթեւացնելու նպատակով ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է գտնել հարցի արագ լուծում»։ Լիդիանը փորձում է հասնել գործող ֆինանսավորման գործիքների համապարփակ ռեստրուկտուրիզացիայի՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության եւ գործարկման փուլերը ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայման հետ կապված քննարկումները դեռեւս շարունակվում են, եւ Լիդիանը ակնկալում է լուծումներ մոտ ապագայում: Tweet Դիտում՝ 1668