Տեսչական մարմինը՝ «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքի վաճառքի մասին

27.07.2018 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սննդի անվտանգության տեսչական մարմին #«Զինվորի բաժին»
Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս:

Տեսչական մարմնում հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը՝ տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ՝ թղթե պիտակի միջոցով:

Թիթեղյա տարայի մակնշման համաձայն՝ տարայում մսաբուսական պահածո է` կարմիր լոբի, ԽԵԿ միս (խոշոր եղջերավոր կենդանի), գլուխ սոխ, գազար, արեւածաղկի ձեթ բաղադրությամբ, իսկ համաձայն երկրորդ՝ թղթե պիտակի մակնշման՝ տավարի շոգեխաշած միս:

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարայի պարունակությունը համապատասխանում է երկրորդ մակնշման բաղադրությանը՝ իրացվել է շոգեխաշած միս:

Ընդ որում, երկու պիտակների վրա էլ նշված է միեւնույն արտադրողի անունը՝ «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ:

«Պարզվել է, որ ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ, այնպես էլ իրացման ցանցի համար, եւ, համաձայն տնտեսվարողի բացատրության, տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցների անփութության պատճառով: Այդուհանդերձ, առավել հավանական է համարվում, որ այդ կերպ փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները»,- ասված է հաղորդագրությունում:

Արտադրողին տրվել է արտադրանքի հետկանչի կարգադրագիր եւ խախտումները վերացնելու հանձնարարական: Արտադրողը խմբաքանակը հետ է կանչել իրացման ցանցից:

Տեսչական մարմնում հավելել են, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել եւ, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս:

Հայտնաբերված խախտումների, ինչպես նաեւ տնտեսվարողի կողմից ներկայացված բացատրությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ՊՆ-ին:
Տեսչական մարմինը կոչ է անում բոլոր քաղաքացիներին կրկնապիտակի կամայական օգտագործման դեպք նկատելիս ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Թեժ գծին»՝ (010)20-60-40 կամ (012)90-60-90 շուրջօրյա հեռախոսահամարներով:
Դիտում՝ 3495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW