«Նոյ» թաղամասի շինարարության ժամկետները մնում են անորոշ

06.07.2018 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Բիզնես Արմենիա» #«Նոյ» թաղամաս
2017թ. նոյեմբերին «Բիզնես Արմենիա»-ն (այն ժամանակ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը) տեղեկացրել էր, որ «Նոյ» ազգագրական թաղամասի ճարտարապետական եւ բիզնես պլանավորման 4 նախագիծ ներկայացվել է մասնագետների քննարկմանը, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել 2018թ. գարնանը:

Նախագծի ընթացքին հետեւելու նպատակով Banks.am-ը հարցում է ուղարկել «Բիզնես Արմենիա»-ին՝ պարզելու, թե այս պահին ինչ փուլում է այն:


««Նոյ» ազգագրական թաղամասի ներդրումային նախագիծը բանակցային փուլում է, ներդրողների կոնսորցիումը դեռեւս քննարկում է թաղամասի՝ հիմնադրամի համակարգմամբ աշխարհի 4 առաջատար ընկերությունների կողմից ներկայացված 4 հայեցակարգերը։ Ըստ այդմ, տեղեկատվություն չկա, թե երբ կսկսվի շինարարությունը։ Սակայն այն աշխատանքը, որ ներդրողները խնդրել են կատարել հիմնադրամին՝ կատարված եւ հանձնված է»,- հայտնել են «Բիզնես Արմենիա»-ում։

Banks.am-ի հարցին, թե արդյոք «Նոյ» թաղամաս նախագիծը քննարկվել է նոր կառավարության անդամների հետ, «Բիզնես Արմենիա»-ից պատասխանել են.

«Ավելի ճիշտ կլինի, որ «Նոյ» ազգագրական թաղամասի ծրագիրը նոր կառավարության անդամների հետ քննարկի ներդրողը, քանի որ հիմնադրամն այս դեպքում ներդրողի խնդրանքով է հայեցակարգը պատվիրել, եւ արդյունքները հանձնել է ներդրողին, ուստի «Բիզնես Արմենիա»-ն այս փուլում նոր անելիք չունի՝ քանի դեռ ներդրողից նոր դիմում չի ստացել։ Հետագա համագործակցությունը, համագործակցել-չհամագործակցելու որոշումը, կամ դրա ձեւաչափը հիմնադրամի դաշտում չէ։ Ծրագրում հետագա փոփոխություններ կատարել-չկատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն փոխանցվել մեզ»։
 

Banks.am-ը հիշեցնում է, որ շուրջ $150 մլն ներդրումով թաղամասի կառուցման ծրագրի մասին հայտարարել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
    
Ծրագրով նախատեսվում էր «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի հետեւի հատվածում՝ Դալմայի այգիներին հարող տարածքում, կառուցել նոր էթնոթաղամաս: Այնտեղ ներկայացվելու էին Հայաստանի տարբեր շրջանների (Սյունիք, Շիրակ, Լոռի եւ այլն), ազգագրական ոճի ճարտարապետական կառույցներ: Ակնկալվում էր, որ ծրագիրը դերակատարություն կունենա մշակութային տուրիզմի զարգացման գործում:
Դիտում՝ 3148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW