ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, հուլիսի 3-ին հարուցված քրեական գործերի շրջանակում, համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի եւ վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: 03.07.2018 | 13:00 «Սպայկա»-ում խուզարկություն է իրականացվում «Ավելի վաղ՝ 2018թ. հունիսի 22-ին, ՊԵԿ խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկ է կատարվել, համաձայն որի՝ հիշյալ ընկերությունը 2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ է արտահանել ընդհանուր 16 781 003 467 դրամ արժողությամբ 18 164 891 կգ տարբեր տեսակի պանիր: Ընկերությունը ՀՀ տարածքում չի ունեցել ձեռքբերումներ այլ տնտեսվարողներից, հետեւաբար՝ պանրի ձեռքբերումները ֆիզիկական անձանցից կատարված լինելու արդյունքում պետական բյուջե չի հաշվարկվել եկամտայի հարկ՝ 1 669 694 074 դրամի չափով»,- տեղեկացնում է ՊԵԿ-ը:Դեպքի առթիվ 2018թ. հուլիսի 2-ին ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Պանրի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Բացի այդ, կատարվել է «Գրինպրոդուկտ» ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ այն 2017թ. հաշվարկով ներկայացրել է 2 139 518 476 դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, որի արդյունքում պակաս է հաշվարկել եւ պետական բյուջե վճարել 427 903 695 դրամ գումար: Մասնավորապես՝ 2017թ. «Գրինպրոդուկտ» ընկերությունը, ունենալով ընդամենը մեկ աշխատակից, ՀՀ-ից ՌԴ է արտահանել մեծ քանակությամբ լոլիկ, եւ մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը հայտարարագրել է շուկայականից էականորեն ցածր գնով:Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ըստ առկա փաստաթղթերի՝ հիշյալ ընկերությունն իր կողմից արտահանված լոլիկը ձեռք է բերել ՀՀ տարածքում եւ չունի լոլիկի ներմուծում: Դեպքի առթիվ 2018թ. հուլիսի 2-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում:Լոլիկի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Հարկ է ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ քննարկվող ժամանակահատվածում թե՛ «Վիլլիջ Գրուպ»-ը, թե՛ «Գրինպրոդուկտ»-ը ունեցել են մեկական գրանցված աշխատակիցներ, որոնք, իրենց հերթին, փոխկապակցվածություն են ունեցել «Սպայկա» ընկերության հետ: Հաշվի առնելով նշված երկու ընկերությունների գործունեության մեծ ծավալները՝ պետք է փաստել, որ անիրատեսական է վերջիններիս կողմից մեկական աշխատակից ունենալու պարագայում վերը նշված ծավալներով գործունեություն ծավալելու հանգամանքը»,- նշել են ՊԵԿ-ում: Tweet Դիտում՝ 1887