ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասել է, որ Արմավիրի մարզում բարձրարժեք, Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումն ու ագրոբիզնեսի կազմակերպումը կարեւոր նշանակություն ունեն:Հունիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Արթուր Խաչատրյանը ծանոթացել է իրանական «Թանա Պարտեզ» ընկերության գործունեությանը, որն Արտամետ եւ Բաղրամյան համայնքներում մոտ 650 հա հողատարածքի վրա պատրաստվում է պիստակի ինտենսիվ այգիներ հիմնել, ինչպես նաեւ մշակել ընկույզ, ունաբ եւ ծորենի (բարբարիս): Մարզպետ Գագիկ Միրիջանյանը հույս է հայտնել, որ մարզում ոչ ավանդական մշակաբույսերի, մասնավորապես՝ պիստակի եւ ծնեբեկի մշակումը կարող է օրինակելի դառնալ նաեւ այլ մարզերի համար՝ հաշվի առնելով, որ այս մշակաբույսերը շատ խստապահանջ չեն բնակլիմայական պայմանների տեսանկյունից: Նախարարն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում տեղացած կարկուտի արդյունքում մարզի կրած վնասներին՝ նշելով, որ ներկայում դրանք գնահատման փուլում են: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ տեղեկացրել է, որ մինչեւ հունիսի 20-ը տեղացած կարկտահարության հետեւանքով վնասվել են մարզի 25 համայնքների շուրջ 1100 հա հողատարածքները:Արթուր Խաչատրյանն այցելել է նաեւ Արմավիր քաղաքում տեղակայված «Բարիք-Պ» ընկերության սառնարանային տնտեսություն, ինչպես նաեւ Լեռնագոգ համայնքի «Իջեւանի գինու, կոնյակի գործարան»-ի մասնաճյուղ: Հացիկ համայնքի այգիներում նա հետեւել է ծիրանի բերքահավաքին եւ մթերման աշխատանքներին, եղել Տալվորիկ համայնքում գործող «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ընկերությունում, որը մոտ 280 հա տարածքի վրա մշակում է տարբեր մշակաբույսեր, այդ թվում՝ ծնեբեկ եւ սեխ: Tweet Դիտում՝ 2866